«Այս ամենը միայն մեկ նպատակ ունի՝ բարոյահոգեբանական ազդեցություն գործել հայ հասարակության վրա». Արտյոմ Տոնոյան
«Չնայած՝ արդեն 6-րդ անգամ Իրանը մասնակցում է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև անցկացվող այս եռակողմ հանդիպմանը և ստորագրում է նաև այդ հանդիպման վերջնարդյունքում ձևավորվող հայտարարության տակ, բայց, այնուամենայնիվ, շարունակում է պահպանել այն չեզոք դիրքորոշումը, որն ունեցել է մինչ այժմ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը՝ անդրադառնալով Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման վերջնարդյունքում ստորագրված հռչակագրին։
Հռչակագրում անդրադարձ է կատարվել Արցախի հակամարտությանը։ Ընդգծված է բոլոր հակամարտությունների՝ «խաղաղ ճանապարհով ու միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու տարածքային ամբողջականությունը պահպանելով կարգավորման անհրաժեշտությունը»: Հատուկ ընդգծվել է արցախյան հակամարտության՝ տվյալ սկզբունքների հիման վրա կարգավորման կարևորությունը:
Տոնոյանը նկատեց՝ Իրանի արտգործնախարար Զարիֆը հատկապես շեշտադրել է տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման կարևորությունը. «Նա խոսել է սիրիական, պաղեստինյան և եմենյան ճգնաժամերից՝ ընդգծելով, որ դրանք պետք է լուծվեն բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։ Ընդ որում՝ հետաքրքիր է, որ Սիրիայի, Պաղեստինի և Եմենի անունները նշելիս՝ այդ շարքում չի նշել արցախյան հակամարտության անունը՝ զուգահեռներ չտանելով այդ հակամարտությունների և արցախյան հակամարտության միջև»։
Իրանագետը հիշեցրեց, որ տարածքային ամբողջականության մասին նախկինում ևս խոսակցություններ եղել են. «Առաջին անգամ չէ, որ նշվում է տարածքային ամբողջականության խնդիրը։ Նույնիսկ իրանական տարբեր պաշտոնյաներ Ադրբեջանում ունեցած իրենց հանդիպումների ժամանակ են նշել տարածքային ամբողջականության խնդիրը, բայց զուգահեռ նաև նշում են, որ խնդիրները պետք է լուծվեն միջազգային իրավունքի, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության պահպանման հիման վրա, և այս համատեքստում խիստ պայմանական է սա դիտարկել՝ որպես հօգուտ Ադրբեջանի արված հայտարարություն, չնայած՝ դեռ չեմ հանդիպել, որ իր ելույթում Զարիֆն ընդգծել է «տարածքային ամբողջականություն» եզրույթը։ Չնայած՝ եռակողմ հանդիպման հռչակագրում դա կա, բայց առաջին անգամը չէ, նախորդ տարվա հռչակագրում էլ է նման տեքստ եղել, ձևակերպումները, որպես կանոն, կրկնվում են»։
Տոնոյանը հավելեց, որ Թուրքիային, և հատկապես՝ Ադրբեջանին, նմանատիպ եռակողմ քառակողմ հանդիպումները, տնտեսական համագործակցությունից խոսելը, Արցախի վրա հղումներ անելը, նշելը, թե իբր տարածքային ամբողջականությամբ է հիմնահարցը լուծվելու, հռչակագրեր ստորագրելը, միայն մեկ նպատակ ունեն՝ բարոյահոգեբանական ազդեցություն գործել հայ հասարակության վրա. «Իսկ դրա երկրորդական նպատակն Ալիևի PR-ն է սեփական երկրում։ Նա ուզում է ասել, թե Ադրբեջանը բազմավեկտոր տարածաշրջանային քաղաքականություն է վարում ու մեկուսացրել է Հայաստանին»։
Նախորդ տարվա եռակողմ հանդիպման հռչակագրում, ինչպես մեր զրուցակիցը նշեց, գրեթե նույն ձևակերպումն է։
«Ընդգծվել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման շուրջ ընդհանուր շահերն ու այս համատեքստում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների չխախտման սկզբունքն ու բոլոր վեճերի խաղաղ ճանապարհով լուծման շուրջ միջազգային իրավունքի սկզբունքներով ստանձնած պարտավորությունները: Հատկապես ընդգծվել է հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության՝ վերոնշյալ սկզբունքների հիման վրա կարճ ժամկետներում կարգավորման կարևորությունը: Նախարարները համաձայնության են եկել շարունակել տարբեր հարթակներում տարածաշրջանային և միջազգային խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման նպատակով ընդհանուր շահերից բխող խորհրդակցությունները»,- մասնավորապես նշված է նախորդ տարվա հռչակագրում։