Բաժիններ՝

Տիմոշենկոն 6 տոկոսով գերազանցել է Պորոշենկոյին Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշում

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն առավել բարձր վարկանիշն (15 տոկոս) ունի Ուկրաինայի նախագահի հնարավոր թեկնածուների շրջանում այն դեպքում, երբ պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 9 տոկոսը։

Դրա հետ մեկտեղ շոումեն Վլադիմիր Զելենսկու օգտին պատրաստ է իր ձայնը տալ հարցվածների 8 տոկոսը, «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության առաջնորդ Անատոլի Գրիցենկոյի օգտին՝ 7 տոկոսը: Այս տվյալներն ստացվել են «նախագահական ընտրություններ-2019-ի մասնակիցների 3D-պրոֆիլները» համաուկրաինական սոցիոլոգիական հետազոտության երկրորդ ալիքի ընթացքում, որը «Կիրառական հետազոտությունների կենտրոն» սոցիոլոգիական ընկերությունն անցկացրել է think tank-ի (վերլուծական կենտրոն) «Իշխանության պրակտիկան» նախաձեռնությամբ եւ «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունում ներկայացվել հոկտեմբերի 30-ին անցկացված մամուլի ասուլիսում:

Հարցման համաձայն, «Ընդդիմադիր դաշինք» խմբակցության համանախագահ Յուրի Բոյկոյի օգտին այժմ պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների 5 տոկոսը, «Զա ժիտյա» կուսակցության առաջնորդ Վադիմ Ռաբինովիչի օգտին՝ 5 տոկոսը, ռոք-երաժիշտ եւ հասարակական գործիչ Սվյատոսլավ Վակարչուկի օգտին՝ 4 տոկոսը, Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյի օգտին՝ 4 տոկոսը: 2018 թվականի մայիսի 25-ից մինչեւ հունիսի 5-ն անցկացված հետազոտության առաջին ալիքի ժամանակ Տիմոշենկոյին պաշտպանելու պատրաստակամություն էր հայտնել հարցվածների 9 տոկոսը, Գրիցենկոյին՝ 8 տոկոսը, Պորոշենկոյին՝ 7 տոկոսը:

Հետազոտությունը «Կիրառական հետազոտությունների կենտրոն» սոցիոլոգիական ընկերության կողմից անցկացվել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 12-ը Ուկրաինայի՝ իշխանության կողմից վերահսկվող ողջ տարածքում: Հարցմանը մասնակցել է 2100 հոգի: Վիճակագրական անճշտությունը կազմում է 3 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս