Համաներման ակտում կա լուրջ իրավական սխալ, որի պարագայում անզոր է լինելու Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը. Դավիթ Հարությունյան. Tert.am
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանն անդրադառնում է հայտարարված համաներման ակտին ու դրանում նրա գնահատմամբ՝ առկա լուրջ սխալին, որը վերաբերում է «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը ներգրավված այն անձանց, որոնց նկատմամբ չկա դատավճիռ, սակայն կա վնասի փոխհատուցման հարց: Սրա հետևանքով, ըստ Դավիթ Հարությունյանի, համաներման ակտի մեկ նորմն ուղղակի կդառնա չգործող, քանի որ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն անզոր է լինելու վնասի փոխհատուցման հարցում:
-Պարոն Հարությունյան, ԱԺ առաջիկա արտահերթում քննարկվելու է համաներման ակտը, որը արդարադատության նախարարի ներկայիս պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն անվանել էր աննախադեպ: Ի՞նչ դիտարկումներ ունեք փաստաթղթի կապակցությամբ, որը հրապարակվել էր Ազգային ժողովի կողմից:
– Համաներման ակտում կան թերություններ, որոնք ենթադրում եմ՝ հնարավոր է շտկել: Սակայն դրանում ըստ իս՝ կա մեկ լուրջ իրավական սխալ, որը վերաբերում է այն հանցագործություններին, որոնք տեղի են ունեցել 2016-ի հուլիսին, երբ գրավվում էր ՊՊԾ գունդը: Բանն այն է, որ համաներումը, որպես կանոն, տարածվում է 3 խումբ անձանց վրա: 1-ին խումբն այն անձինք են, որոնց վերաբերյալ դատարանն արդեն արձակել է դատավճիռ և սահմանել է պատիժ: Այդ անձանց պարագայում վնասի հատուցման առումով ամեն ինչ պարզ է, վնասը կարելի է հետագայում պահանջել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի շրջանակներում: Երկրորդ խումբն այն անձինք են, որոնց նկատմամբ դեռևս չկա դատավճիռ, սակայն իրականացվում է քրեական հետապնդում:
Իսկ երրորդ խումբն այն անձինք են, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը չի էլ սկսվել: Այս վերջին երկու խմբերի պարագայում, եթե առկա է հանցագործությամբ պատճառված վնաս, ապա համաներման կիրառումը վնասի հատուցման հարցը կարող է մտցնել փակուղի, քանի որ Քաղաքացիական դատավարության շրջանակներում հնարավոր չի լինի պարզել կոնկրետ վնաս պատճառած անձի մեղավորությունը և իր արարքի կապը պատճառած վնասի հետ: Այս լուրջ խնդիրը նախագծում հաշվի առնված չէ:
-Ինչը նշանակո՞ւմ է, որ սա հետագայում խնդիր է առաջացնելու, բայց ի՞նչ տեսքով, ինչպե՞ս:
-Սա նշանակում է հետևյալը, որ նախագծի մեկ նորմը կդառնա չգործող: Եվ առավելապես խոսքը նրա մասին է, որ անձինք, ովքեր կատարել են հանցագործություն՝ նույն՝ ՊՊԾ գնդի գրավում, բայց նրանց նկատմամբ դեռևս չկա դատավճիռ, այդ անձանցից վնասի հատուցման որևէ եղանակ չկա, թեև այս նախագծում նախատեսվում է, որ պետք է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նրանցից վնասը գանձվի: Դա ուղղակի հնարավոր չի լինելու:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: