«Չեմ կարող կանխատեսել, թե ինչ կորոշի վարչապետը ԼՂ հակամարտության ուղղությամբ, բայց ես հույս ունեմ, որ հակամարտությունը կարգավորելու պատրաստակամություն կլինի». Բոլթոն

«Կանխատեսումներ անել չեմ կարող»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

Նա նշեց, որ Հայաստանում իր հանդիպումների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:

Բոլթոնի խոսքով, ԱՄՆ-ը պատրաստ է իր աջակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, քանի որ տվյալ հակամարտության կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև Միացյալ Նահանգների շահերից:

Խոսելով բուն կարգավորման գործընթացից, Բոլթոնն ասաց, որ հակամարտության կարգավորման գործընթացը բարդ է: Նրա խոսքով, եթե դա հեշտ խնդիր լիներ, ապա այն արդեն վաղուց կարգավորված կլիներ:

«Իմ մտադրությունն այն չէր, որ գամ այստեղ ու փոխեմ ամերիկյան քաղաքականությունը, նոր առաջարկներ ներկայացնեմ, առավելապես ցանկանում եմ իմանալ, թե ինչպիսին է իրերի դրությունը: Կողմերն իրենք պետք է աշխատեն լուծումներ գտնելու ուղղությամբ: Այսօր հայաստանյան վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ իմ հանդիպմանը մեջբերեցի իմ նախկին ղեկավարներից մեկի` Ջիմ Բեյքերի խոսքերը՝ մենք չենք կարող կարգավորում ցանկանալ ավելի, քան իրենք՝ կողմերը: Սա կիրառելի է նաև այս դեպքում: Հայաստանի տեսանկյունից ամենակարճ եղանակը արտաքին լուրջ ճնշումները նվազեցնելու համար ԼՂ հակամարտության կարգավորմանը հասնելն է»,- ասաց Ջոն Բոլթոնը:

Պատասխանելով հարցին, թե ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման դեպքում կարգավորման ինչ փաթեթ է դրված լինելու բանակցային սեղանին, եթե ըստ ամերիկացի նախկին համանախագահի՝ ոչ Կազանի փաստաթուղթը, ոչ Մադրիդյան սկզբունքները սեղանին չեն, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան պատասխանեց, որ չի կարող կանխատեսումներ անել:

«Հայաստանում ես զգացի, որ կողմնակից են, որպեսզի քննարկումները շարունակվեն Մինսկի խմբի հովանու ներքո, դա, մեր կարծիքով, գոհացուցիչ է: Նախկինում շատ քննարկումներ են եղել, շատ բաներ կարող են դրվել սեղանին: Եթե վարչապետն ընտրվի, և նրա կուսակցությունը ստանա լուրջ աջակցություն, ապա դա հնարավորություն է վճռական քայլեր իրականացնելու համար: Ես չեմ կարող կանխատեսել, թե նա ինչ կորոշի անել, բայց ես հույս ունեմ, որ այդ պատրաստակամությունը կլինի, և Ադրբեջանում ևս նման տրամադրվածություն կլինի»,- ասաց Բոլթոնը:

Տեսանյութեր

Լրահոս