«Մանչեսթեր Յունայթեդ»-«Յուվենթուս». Ռոնալդուն վերադառնում է «Օլդ Թրաֆորդ»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի կենտրոնական հանդիպումներից մեկում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Յուվենթուսին»: Երկար տարիներ անց մանչեսթերյան ակումբի նախկին ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն վերադառնում է իր հարազատ մարզադաշտ: Կկարողանա՞ Ռոնալդուն իր նոր ակումբի հետ հաղթել վատ ցուցանիշներ գրանցող մանչեսթերցիներին:
«Մանչեսթեր Յունայթեդ»
Մանչեսթերյան ակումբն իր համար բավականին դժվար շրջան է սկսում: Ակումբի առաջիկա մրցակիցներն են երկու անգամ՝ «Յուվենթուսը», «Մանչեսթեր Սիթին», «Էվերթոնը» և «Բորնմութը»:
Ակնհայտ է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հիմա լուրջ խնդիրներ ունի: Մոուրինիոյի թիմը հաղթել է բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին վեց խաղերից միայն մեկում: Մանչեսթերցիները միավորներ կորցրին թե՛ Պրեմիեր լիգայում, թե՛ Չեմպիոնների լիգայում: Նախորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Վալենսիայի» հետ (0:0): Եթե «կարմիր սատանաները» պարտվեն «Յուվենթուսի» հետ երկու խաղերը, ապա հավանական է, որ չեն կարողանա դուրս գալ խմբից:
Բարեբախտաբար, Ժոզե Մոուրինիոյի թիմում հիմա գրեթե վնասվածքներ չկան, բացառությամբ Ջեսսի Լինգարդի: Ֆելաինիի մասնակցությունն այս խաղին կասկածի տակ է:
«Յուվենթուս»
«Յուվենթուսը» մրցաշրջանի սկզբում անհավանական վիճակում է: Մինչև Իտալիայի առաջնության վերջին տուրը թուրինյան ակումբը հաղթել էր բոլոր խաղերը բոլոր մրցաշարերում:
Թուրինյան ակումբը Չեմպիոնների լիգայում ևս խնդիրներ չունի և երկու տուրից հետո վաստակել է առավելագույն 6 միավոր:
Իտալական ակումբում վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ չկան և անգամ Սամի Խեդիրան պատրաստ կլինի այս խաղին:
Կրիշտիանու Ռոնալդուն, ով ստացել էր կարմիր քարտ և որակազրկվել էր, կկարողանա մասնակցել այս հանդիպմանը:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 6 խաղերում հաղթել է մեկ անգամ
- Սեփական հարկի տակ մանչեսթերյան ակումբը հաղթել 5 խաղերից միայն մեկում
- Թուրինյան ակումբի անպարտելիության շարքը հասել է 22 խաղի
- Չեմպիոնների լիգայում «Յուվենթուսը» հաղթել է վերջին չորս խաղերը
- «Մանչեսթեր Յունայթեդը» «Յուվենթուսին» հաղթել է բոլոր 3 նախորդ հանդիպումներում: Ճիշտ է, վերջին խաղը կայացել է 2003 թվականին:
Բացի վերը նշվածից, մենք չպետք է մոռանանք, որ այս խաղը յուրահատուկ կլինի Կրիշտիանու Ռոնալդուի համար: Երկար տարիներ անց նա կվերադառնա այն մարզադաշտ, որտեղ նրան դեռ սիրում և հարգում են: Եվ, իհարկե, նա կփորձի ցույց տալ իր լավագույն կողմերը: Առանց այն էլ Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի առաջին խաղերը հաջող չէին Ռոնալդուի համար:
Հաշվի առնելով, թե ինչպես են հիմա խաղում անգլիական և իտալական այս ակումբները, կարելի է ասել, որ խաղի ֆավորիտը «Յուվենթուսն» է: Սակայն մանկունյանցիները փորձելու են ամենահեղինակավոր մրցաշարում ապացուցել, որ այս մրցաշրջանում իրենք դեռ շատ ասելիք ունեն:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան