
«Երկիրը կառավարում է «գողական երազանքը». Գրիգոլ Վաշաձե

«Մեր երկիրը կառավարում է «գողական երազանքը»: Այդ մասին, ինչպես հայտնել է «Գրուզիա Online»-ը հայտարարել է «Ուժը միասնության մեջ է» միավորված ընդդիմությունից Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:
Նրա խոսքով՝ իշխանությունները երկիրը կառավարում են 90-ական թվականների մեթոդներով:
«Երկիրը կառավարում է զինված ելուզակախումբը, որը պետք է փոխարինվի ընտրությունների ճանապարհով: Մարդիկ զայրացած են այն ձայնագրություններից, որոնք ցուցադրում են «Ռուսթավի-2»-ը եւ մյուս հեռուստաալիքները: Դա վրդովվեցուցիչ է, սարսափազդու եւ սրտխառնոց է առաջացնում:
Մեր երկիրը կառավարում է «գողական երազանքը»: Նույնիսկ «օրենքով գողերն» ունեն որոշ կանոններ, իսկ նրանք ոչ մի կանոն չունեն: Դա մաֆիա էլ չէ, այլ ինչ-որ անօրինական զինված ավազակախումբ, որը դուրս է եկել բարոյականության, Սահմանադրության, օրենքի ու մեր քաղաքական համակարգի շրջանակներից: Այնպես որ նրանց վերադարձն անհնարին է»,-ասել է Վաշաձեն: