Հայաստանի իշխանությունները փոխե՞լ են դիրքորոշումն Արցախյան հարցում
ՀՀ նախկին իշխանությունները, այդ թվում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, բազմիցս կողմ են արտահայտվել Արցախյան հակամարտության՝ փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին։ Սերժ Սարգսյանը տարբեր հարթակներից հայտարարել է, որ լուծումը հնարավոր է «փոխզիջման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների` տեղի տալով ադրբեջանական սպառնալիքներին, թե հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է»։ Տարիներ առաջ Սարգսյանն անգամ հայտարարել էր, որ ինքը փոխզիջումների մասին խոսում է ընդհանրապես 90-ական թվականներից։
Հայաստանի ներկայիս իշխանության դիրքորոշումը կարծես «քիչ» տարբերվում է նախկին իշխանությունների մոտեցումներից։ Բեյրութում լիբանանահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին՝ հայտարարեց, որ շատ հաճախ միջազգային հանրության ներկայացուցիչները, կամ տարբեր բանակցությունների ժամանակ հարց են հնչեցնում իրեն` իսկ Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջումների:
«Այդ հարցին սովորաբար ես հետևյալ պատասխանն եմ տալիս` իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների: Ես չեմ համարում, թե Հայաստանը պետք է առաջինն այս հարցին պատասխանի, և, չգիտես ինչո՞ւ, իմ` Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո զգում եմ, որ այդպիսի մի տրամաբանություն կա, որ չգիտեմ՝ ով և որտեղ, որոշել է, որ այդ հարցին առաջինը պետք է պատասխանի Հայաստանը: Հայաստանը չի պատրաստվում այդ հարցին առաջինը պատասխանել: Առնվազն պատասխանը պետք է լինի սինխրոնացված` իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների»,- ասաց Փաշինյանը:
Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ նոր Հայաստանի նոր իշխանությունը նոր մոտեցումներ է որդեգրել։
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի կարծիքով՝ դիրքորոշման փոփոխության չկա, կա առավել հստակություն։
«Վարչապետի ասածն առավել քան հստակ է, վարչապետը չի ասել, որ փոխվել է դիրքորոշումը, ասել է՝ չի կարելի սպասել մեկ կողմից ինչ-որ քայլ, եթե փոխադարձ քայլը հակառակ կողմի հասկանալի չէ»,- լրագրողների հետ զրույցում, պարզաբանելով Փաշինյանի հայտարարությունը՝ ասաց Մնացականյանը։
Ըստ նրա՝ հայկական կողմը պատրաստ լուծումների, պատրաստ է կայուն լուծում տալու այս խնդրին, որը հիմնված է փոխադարձ համաձայնությունների վրա. «Հիմնակետն այստեղ այն է, որ երկու կողմն էլ պետք է հավասարաչափ քայլեր կատարեն, որոնք բերում են այս հարցի հանգուցալուծմանը: Սա շատ հստակ է այն առումով, որ մենք ասել ենք մեր հենակետերը մեր դիրքորոշման մեջ: Վարչապետը շատ հստակ կրկնել է, որ մեզ անհրաժեշտ է, որ երկու կողմերը հավասարաչափ շարժվեն այդ ուղղությամբ»:
Մեր հարցին՝ ադրբեջանական կողմն էլ գրեթե նույնն է ասում և, իր հերթին՝ հայկական կողմին հրավիրում կառուցողական դաշտ, Զ. Մնացականյանը պատասխանեց. «Ես չեմ ուզենա մեկնաբանել իրենց մեկնաբանությունները, որովհետև մենք առավել քան կառուցողական դաշտում ենք»:
Շուտով սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների այցը տարածաշրջան։ Հարցը, նախարարի պաշտոնակատարի խոսքով, վերաբերում է խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծմանն ու ամրապնդմանը.
«Այս փուլում դա չափազանց էական օրակարգային նշանակություն ունեցող հարց է։ Ինչ վերաբերում է մնացած հարցերին, մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը՝ բացառապես խաղաղ, բացառապես ՄԽ համանախագահության շրջանակներում և, ամենակարևորը, որ մեզ համար ստատուսի և անվտանգության հարցը մնում է ամենակարևորն այս ամբողջ փաթեթի մեջ»:
Զ. Մնացականյանը շեշտեց, որ հայկական կողմը հստակեցրել է այն, ինչն էական նշանակություն ունի մեզ համար՝ որպես առաջնային խնդիր: Դիտարկմանը, որ հիմա ավելի համարձակ լեզվով ենք խոսում, Մնացականյանն արձագանքեց.
«Եթե դուք գտնում եք, որ մենք ավելի հստակ ենք, շատ ուրախ եմ, որովհետև դա նշանակում է, որ մենք կարողացել ենք հստակ արտահայտել մեր մոտեցումները: Մեզ համար սա վերաբերում է կոնկրետ 150 հազար մարդկանց անվտանգությանը։ Մենք աշխատում ենք մեկ հարցի շուրջ՝ մարդկանց ֆիզիկական անվտանգության ապահովման գերակա խնդիրը, և դրա շուրջ է կառուցված մնացյալը: Դա կայուն տևական ֆիզիկական անվտանգությունն է, որի մեջ տեղավորվում են ամենակարևոր հարցերը՝ կարգավիճակ և անվտանգություն»:
Մեր հարցին՝ Ալիևի հետ Փաշինյանի ուղիղ կապը կարծես հաջողե՞լ է, Զ.Մնացականյանը պատասխանեց, որ Փաշինյանն ասել է այդ մասին, և այդ կապն անհրաժեշտ է դիտարկել այն կոնտեքստում, որը վերաբերում է խաղաղության միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։