
Լուսակունքի խմելու ջրի մատակարարման քանակն ավելացել է վայրկյանում 5-7 լիտրով

Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի տնտեսությունների մեծ մասում բարելավվել է ջրամատակարարումն այն բանից հետո, երբ հիմնանորոգվել է գյուղ մտնող ջրատարի վթարված հատվածը 130 մետր երկարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լուսակունքի գյուղապետ Խաչիկ Խաչատրյանը, ջրատարի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության կողմից տրամադրված 1 միլիոն դրամով եւ Լուսակունքի համայնքապետարանի ներդրած 300 հազար դրամի համաֆինանսավորմամբ:
«Գյուղի խմելու ջրատարի ներքին ցանցը կառուցվել եւ շահագործվել է 1955 թվականին, ազբեստյա խողովակներով, որից հետո այն չի ենթարկվել նորոգումների: Վթարված 130 մետրանոց հատվածում ջրի կորուստներն այնքան շատ էին, որ գյուղի տնտեսություններին հազիվ հաջողվում էր երեք օրը մեկ ստանալ խմելու ջուր: Այդ հատվածում մոտ 40 տեղով ճահիճներ էին գոյացել, իսկ ջրատարը ամբողջովին կորցրել էր շահագործման պիտանիությունը: Ծրագրի իրականացման արդյունքում, որն արդեն ավարտվել է վերջերս, գյուղ մտնող ջրատարի հզորությունն ավելացել է 5-7 լիտր վայրկյան հզորությամբ, իսկ գյուղի տնտեսությունների մոտ 60 տոկոսն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ:
Մնացած 40 տոկոսին շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելու համար հարկավոր կլինի իրականացնել նոր ծրագիր: Ընդհանուր առմամբ, պետք է փոխվի գյուղի խմելու ջրատարի ողջ ներքին ցանցը, որը նույնպես քայքայման եզրին է: Ներքին ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 2 կիլոմետր 640 մետր: Մեր նախնական հաշվարկներով՝ գյուղի ներքին ցանցի հիմնանորոգման համար կպահանջվի շուրջ 25-26 միլիոն դրամ: Ամենայն հավանականությամբ, այդ աշխատանքները կձեռնարկենք եկող տարվա ընթացքում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան