«Պառլամենտարիզմի և բազմակարծության փաստացի իրագործումը պառլամենտում վտանգի տակ է». Գևորգ Կոստանյան

«Եթե քաղաքական մեծամասնության մանդատների թիվը կենտ է, ապա նրա մանդատների թիվը 2/3-ից պակաս է, եթե զույգ է, ապա 2/3-ն ունի, և դա սահմանագիծն է: Կայուն մեծամասնությունը 50%-ը չի, 54%-ն է: Մենք չենք խոսում կայուն 2/3-ի մասին, մենք խոսում ենք սահմանագծի մասին, որ կարող է երկխոսությունների, քաղաքական կամքի վրա օրինական ազդելու միջոցով հասնել դրան, որ ընդունվի»,- այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ ներկայացնելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:

Ըստ նրա՝ քննարկելի է, թե որքանով է ժողովրդավար, որ 5% ձայն ստացած կուսակցության քվեներն ավելացվեն այնքան, որ դրա տեսակարար կշիռը կազմի 1/3: Զեյնալյանը նշեց, որ կառավարությունը հակակշռել է երկու դիրքորոշումներ՝ 20% և 40%. «Քաղաքական որոշում է կայացվել՝ ձեռք չտալ այս ընտրություններին այդ մեխանիզմին և 2/3-ից պակաս մանդատներ չունենալ ԱԺ-ում»:

Ա.Զեյնալյանը նշեց, որ եթե իշխող ուժը չունենա 2/3, կվերանա հանրաքվեներ կազմակերպելու իրավունքը:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի կարծիքով՝ կառավարությունը սահմանում է 4-րդ ուժի ներկայացվածություն ԱԺ-ում՝ բազմակարծություն ապահովելու համար, սակայն միաժամանակ սահմանվում է այնպիսի համադրություն օրենքների, որ ուզում է 20 կուսակցություն ներգրավված լինի, այդ մեկ ուժն է որոշումներ կայացնելու, այդ թվում՝ Սահմանադրություն փոխելու վերաբերյալ. «Հետևաբար՝ պառլամենտարիզմի և բազմակարծության փաստացի իրագործումը պառլամենտում վտանգի տակ է»:

Ա.Զեյնալյանը հակադարձեց, որ 2/3-ը պարտադիր չէ, պարտադիր է քաղաքական կայունության ապահովումը. «Փորձում ենք ստեղծել մի մեխանիզմ, որը կհակակշռի ժողովրդավարությանը»: Նախարարի պաշտոնակատարը պարզաբանեց, որ, եթե կուսակցություններից մեկն ունի 90% վարկանիշ, նրա քվեները նվազեցվում են:

Գ.Կոստանյանը նշեց, որ նախկինում ընտրատեղամասերում տեսախցիկները ստատիկ էին և ընդգրկում էին քվեատուփը, մուտքը, քվեախցերը, իսկ հիմա այդ ստատիկը դուրս է բերվել, և կարող է շարժական տեսախցիկներ լինեն, սակայն դա ընդունելի չէ: Նաև, նշեց նա, պետք է ընտրատեղամասի տարածքը տեսանկարահանվեր՝ կուտակումների դեմ պայքարի առումով:

Ա.Զեյնալյանը նշեց, որ ընտրատեղամասի 50 մ շառավղով տեսանկարահանումը հնարավոր չէ ապահովել տեխնիկապես:

Ի վերջո, փակ քննարկումներից հետո Գ.Կոստանյանը հայտարարեց, որ ընդունվել է «Ծառուկյան» դաշինքի առաջարկը՝ 2%-ի վերաբերյալ, և իրենց առաջարկը՝ ընտրատեղամասում ստատիկ նկարահանում կատարելու վերաբերյալ: Նա կոչ արեց հանձնաժողովի անդամներին կողմ քվեարկել, որպեսզի «հաջորդ ընտրական ցիկլը լինի վստահելի»:

Պատգամավորները միաձայն «կողմ» քվեարկեցին փաթեթին:

Տեսանյութեր

Լրահոս