
Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ը 2-րդ վճիռն է կայացրել

ՄԻԵԴ-ը այսօր հրապարակել է 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված եւ կալանավորված քաղաքական բանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները: Այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացնում է փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Ըստ այդմ՝ Գրիգոր Ոսկերչյանի վերաբերյալ կայացված վճռով ճանաչվել է ՄԻԵԿ 5(3) հոդվածի խախտում, իսկ Մասիս Այվազյանի վերաբերյալ վճռով՝ ՄԻԵԿ 5(1) և 5(3) հոդվածների խախտում։ «Այսպիսով՝ ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ չի եղել Գ․ Ոսկերչյանին և Մ․ Այվազյանին անազատության մեջ պահելու որեւէ հիմնավորված և թույլատրելի հիմք։ Որպես արդարացի փոխհատուցում՝ կառավարությունը Գրիգոր Ոսկերչյանին պետք է վճարի 3000, իսկ Մասիս Այվազյանին՝ 4500 եվրո գումար»,- գրել է Շուշանյանը: