«Թուրքիան նախազգուշացնում է Հայաստանին՝ առաջ քաշելով վաղեմի նախապայմանները». Հակոբ Չաքըրյան
Օրերս Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացել է Եվրասիական երկրների խորհրդարանների նախագահների երրորդ համաժողովը, որտեղ Հայաստանը ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Համաժողովի դռնփակ նիստի ժամանակ Հայաստանի պատվիրակության ղեկավարը խոսել է Արցախի հիմնախնդրից և Հայոց ցեղասպանությունից, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել Թուրքիայի Մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմի մոտ։ Վերջինս իր դժգոհությունը բացատրել է նրանով, որ այդ հարցերի վերաբերյալ Էդուարդ Շարմազանովի պնդումները չեն համապատասխանում համաժողովի նպատակներին։
Թուրքիայի Մեջլիսի նախագահը նաև հայտարարել է, որ, եթե Հայաստանն իսկապես ցանկանում է հարաբերությունները բարելավել Թուրքիայի հետ, ապա պետք է վերջ դնի իրականությունը խեղաթյուրող նմանօրինակ հայատարարություններին և պատմական փաստերի քննությունը թողնի պատմաբանների ուսումնասիրությանը։ Ըստ նրա, Հայաստանն իր այս քայլերով իրեն մեկուսացնում է։
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Հակոբ Չաքըրյանն անդրադառնալով Բինալի Յըլդըրըմի հայտարարությանը, որ, եթե Հայաստանը ցանկանում է բարելավել հայ-թուրքական հարաբերությունները` պետք է մոռանա Հայոց ցեղասպանության փաստը, նկատեց, որ սա նախազգուշացում էր՝ ուղղված Հայաստանին, այսինքն՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար առաջ է քաշում նախապայման, որը Թուրքիայի քաղաքականության մեջ կա դեռևս 1991 թվականից։
«Սա նշանակում է, որ Արցախի և Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի մոտեցումները ձևավորվել են դեռ 1991 թվականին, և այդ օրվանից, չնայած Թուրքիայում տարբեր կառավարություններ են փոխվել, այդ հարցերում նրա մոտեցումները և վարած քաղաքականությունը երբեք չի փոխվել։ Սրանք այն հարցերն են, որոնց վերաբերյալ Թուրքիայում գործում է պետական մտածողություն։ 1991 թվականին, երբ Հայաստանն անկախանում էր, Թուրքիան առաջարկեց երեք նախապայման՝ չհիշատակել Հայոց ցեղասպանության մասին, ստիպել արցախահայությանը, որպեսզի ընդունի Ադրբեջանի գերիշխանությունը, և սփյուռքի հայությանը հորդորի, որպեսզի Հայաստանի սահմաններից դուրս հակաթուրքական գործունեությամբ չզբաղվի։ Ահա այս նախապայմանները Թուրքիան երբեք չի մոռացել»,- նշեց թուրքագետը։
Անդրադառնալով այս տարվա մարտին Հայաստանի կողմից չեղարկված հայ-թուրքական արձանագրություններին, Հակոբ Չաքըրյանը նկատեց, որ իրատեսական չէ համարել, որ այդ արձանագրությունները երբևէ ասպարեզ կբերվեն, և Թուրքիան դրանով կգնա հայ-թուրքական հարաբերությունների բարելավման։
«Թուրքիան այդ արձանագրությունները վիժեցրեց, որի հետևանքով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դրանք չեղարկեց։ Այն ժամանակ, Թուրքիան արձանագրությունները ստորագրեց, քանի որ նպատակ ուներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներից մեկը դառնալ, թեկնածուները շատ էին, իսկ ՄԱԿ-ում նախապատվությունը տալիս էին այն թեկնածուին, որը տարածաշրջանի մասշտաբով նախաձեռնությամբ հանդես կգար, այդ արձանագրությունները հենց այդ նախաձեռնությունն էր։ Սակայն տարիներ անց հրաժարվեց դրանք վավերացնել»,- եզրափակեց Հ. Չաքըրյանը։
Զվարթ Խաչատրյան