Բաժիններ՝

«Աստված ոչ անի, եթե առաջանա նոր անձի պաշտամունք, ինչը կարող է վտանգավոր լինել հեղափոխության և մեր ազգի համար»

Հարցազրույց Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ,  հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Գասպարյանի հետ

Ամիսներ առաջ ականատես եղանք, որ շատ քաղաքացիներ դուրս եկան փողոց, միացան փողոցային պայքարին և փակեցին բազմաթիվ ճանապարհներ։ Եթե խոսենք հոգեկան առողջությունից, ապա փողոց դուրս եկած մարդիկ հոգեկան ի՞նչ վիճակում էին գտնվում։

– Գիտական հետազոտություն չենք իրականացրել, այդ իսկ պատճառով շատ սուբյեկտիվ կխոսեմ։ Կարող եմ արձանագրել, որ այդ պահին հանրությունը գտնվում էր բավականին հուզական վերելքի բարձր աստիճանի վրա։ Մի առիթով ասել եմ, այժմ էլ չեմ վախենում կրկնել, որ մենք լինելով պատերազմի մեջ գոնե ֆորմալ հաղթանակած պետություն՝ մեր երկրի ներսում ապրում էինք պարտվածի հոգեբանությամբ։ Այսինքն՝ լինելով հաղթող, մենք պարտվածի նման էինք ապրում մեր երկրի ներսում, և այս շարժումը ժողովրդին վերադարձրեց այդ ամենակարևոր հանգամանքը, որ կարող է հաղթող լինել նաև ներքին հարցերի մեջ։

Վերադարձնելով մարդկանց հավատը՝ սեփական ուժերի, հաղթանակի նկատմամբ, մենք կարող ենք այս ամենը բավականին դրական տեղաշարժ համարել հոգեբանական տեսանկյունից՝ հոգեկան առողջության մակարդակով։ Սակայն այստեղ կան մի շարք «բայց»-եր կամ մասնավոր խնդիրներ, որոնք առաջանում են նույն պատճառով՝ այն է, մարդկանց մոտ ձևավորվում են նոր սպասելիքներ, որոնք, իհարկե, միանգամից չպետք է արդարանան, և որևէ մեկը չգիտի կարդարանա՞ն արդյոք, թե՞ ոչ։ Մարդկանց մոտ առաջանում է նոր ապագայի նկատմամբ իլյուզիա, որը ժամանակի ընթացքում կարող է վերածվել պատրանքի և զառանցանքի, այն առումով, որ այդ սպասելիքները, հնարավոր չէ՝ իրագործվեն։ Այս պարագայում մենք կարող ենք ունենալ դժգոհությունների, ագրեսիայի, պոռթկումների նոր ալիք, որովհետև սպասելիքները չեն արդարացվել։

Հեղափոխությունը կարո՞ղ է մարդկանց մոտ թողնել հոգեբանական հետևանքներ։

– Այո, հեղափոխությունը կարող է ունենալ հոգեբանական հետևանքներ։ Դրանցից մեկն այն է, որ մարդկանց մոտ առաջանում է ժամանակավոր մաքրագործման զգացողություն։ Մյուս հետևանքն այն է, որ որոշ ժամանակ անց հիասթափությունների մակարդակը նորից աճում է։ Մեր հեղափոխությունը որոշ առումով հաջող է սկսվել, բայց չեմ կարծում, որ հեղափոխությունը միայն այն է, որ ինչ-որ մեկ կամ մի քանի անձերի հեռացնեն իրենց ունեցած իշխանությունից։ Հեղափոխությունը երկար գործընթաց է, որի վրա պետք է ամեն օր աշխատենք, և այդ գործում բոլորս պետք է ունենանք մեր ներդրումը։

Մենք չենք կարող ոչինչ չանելով՝ հասնենք ցանկալի արդյունքի։ Լավն այն է, որ բոլորիս ընդհանուր նպատակը երկրի բարելավումն է, տնտեսական կարգավիճակի լավացումը, Արցախի հարցի լուծումն է, Ցեղասպանության խնդիրների վերանայումը և ավելի հստակեցումը միջազգային մակարդակում։ Այս բոլորը հարցեր են, որոնք ամբողջ ընթացքում հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության մեջ կարևոր տեղ ունեն։ Սակայն պետք է հիշենք, որ այդ հեղափոխության մեջ եթե ցանկանում ենք հասնել հաջողության, ապա յուրաքանչյուրս պետք է ունենանք մեր ներդրումը։ Այլապես մատուցարանի վրա չեն բերելու՝ մեզ ասեն, թե՝ ձեր համախառն ներքին արդյունքն աճել է, տնտեսական ցուցանիշները բարելավվել են, և այլն։

Սփյուռքի և Հայաստանի մեր հայրենակիցները պետք է մտածեն, թե ինչպես կարող են նպաստել մեր երկրի բարգավաճմանը, հակառակ դեպքում մենք կունենանք ժամանակավոր, կարճատև հաղթանակներ, որոնց արդյունքն այնքան էլ հիմնարար չէ։

Որքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի փողոց դուրս եկած մարդիկ դուրս գան այն էյֆորիկ վիճակից, որում գտնվում են այսօր, որի մասին ահազանգում են շատերը։

– Որևէ մեկն այդ ժամանակը չգիտի, որ ասի` ա՛յ, հինգերորդ ամսվա տասներորդ օրը կտեսնենք, որ մարդիկ դուրս են գալու էյֆորիկ վիճակից, քանի որ ամեն ինչ անհատական է, և ամբոխի հոգեբանությունը ենթարկվում է հոգեբանական ուրիշ օրենքների, որոնք հնարավոր չէ միայն մեկ գործոնով պայմանավորված վերլուծել։ Կախված ընթացքից ու ընթացիկ զարգացումներից, ինչպես նաև այն բախումներից և հակասություններից, որոնք կարող են լինել կամ իրենցից վտանգ կարող են ներկայացնել, դրա ամբողջ դինամիկան հնարավոր է փոխել։

Մենք չենք կարող կանխատեսել, այլ կարող ենք խոսել որոշ սցենարների մասին։ Բայց չլինելով քաղաքական գործիչ՝ նախընտրում եմ այդ սցենարները չառաջադրել, սակայն մեկ բան պարզ է, որ հեղափոխության տրամաբանական ավարտը դեռ տեղի չի ունեցել։ Եվ այս ամենը երկուստեք օգտագործվում է թե՛ հեղափոխության հաղթող ուժի կողմից, որ տեսեք՝ մենք եկել ենք, որոշակի ուժի ենք հասել, բայց չունենք բոլոր լծակները, թե՛ նախորդ իշխանության կրողների կողմից, որոնք մատնանշում են այն բոլոր բացթողումներն ու սխալները, որոնք այս պահին նրանք տեսնում են ավելի շատ խոշորացույցի տակ դնելով, ցանկանում են ուռճացնել, տագնապի մթնոլորտ ստեղծել, որ նոր իշխանությունները, միևնույն է, չեն հաջողելու։

Սրանք ավելի շատ քաղաքական բնույթի փոխհրաձգություններ են, որոնք իրականացվում են երկու կողմից, բայց տեսնում եմ, որ ժողովրդի համակրանքը, այդուամենայնիվ, հեղափոխության կողմն է։ Ժողովուրդն ավելի նախընտրում է դժվարին ճանապարհը՝ կանգնել հեղափոխության կողքին և շարունակել պայքարը։ Այլ վտանգ եմ տեսնում՝ Աստված ոչ անի, եթե հեղափոխության պատճառով առաջանա նոր անձի պաշտամունք, ինչը վտանգավոր կարող է լինել հեղափոխության և մեր ազգի համար, ինչո՞ւ չէ, նաև Նիկոլ Փաշինյանի համար։ Տեսնում եմ, որ ժամանակ առ ժամանակ նա փորձում է թոթափել այդ բեռը։ Հաճելի է, որ ժողովուրդը նրան ասում է, թե՝ դուք մեր փրկարարն եք, բայց որևէ մեկը չպետք է իր վրա վերցնի փրկչի, արարչի դերը։

Անձի պաշտամունքը միայն հայերի՞ս է բնորոշ։

– Այո, սա մեզ բնորոշ է, բայց ընդհանրապես հեղափոխության, պատերազմի դեպքում մեզ անհրաժեշտ են հերոսներ և մեզ անհրաժեշտ են որոշակի առասպելական բնույթի հերոսներ։ Նախորդ իշխանության ամենամեծ խնդիրներից մեկն այն էր, որ առասպելական հերոսներ չունեին, բոլոր առասպելները սպառված էին։ Ավելին՝ այս բոլոր առասպելների հետևում բացահայտված խնդիրներ կային, և ինչ-որ տեղ, հակառակ ժողովրդի, վարկաբեկված անձանց նրանք կրկին բերում էին իշխանության։ Այս ամենից ժողովուրդը մի տեսակ իրեն արհամարհված էր զգում։ Կարծում եմ՝ նախորդ իշխանությունների կողմից սա մեծ բացթողում էր, և միֆն ու առասպելը ժողովրդի համար չպահվեց։

Իշխանափոխության օրերին, նույնիսկ այսօր, համացանցում և համացանցից դուրս տարակարծությունը և քննադատությունը դեմ է առնում թշնամանքի. սա ինչի՞ մասին է խոսում, և, ընդհանրապես, այդ ամենն ինչպե՞ս կանդրադառնա հանրության հոգեկան առողջության վրա։

– Նախկինում իբրև կար տարակարծություն, բայց կար վերևից եկող որոշակի կարծիք, որը թելադրվում կամ պարտադրվում էր բոլորին, չնայած մենք արտաքուստ շատ տարակարծիք երկրում էինք ապրում, բոլորը կարող էին ազատ արտահայտվել։ Բայց եթե որևէ մեկն իրենից վտանգ էր ներկայացնում, ապա այն անմիջապես կանխվում էր, արմատախիլ էր արվում։ Այս ծայրահեղությունը, որի մեջ այսօր հայտնվել ենք, դրա հիմնական մեսիջն այն է, որ ժողովրդի մեծամասնությունն ուզում է ապացուցել, որ իրենք իշխանությունների կողմնակիցներն են, և փաստ է, որ ժողովրդի մեծ մասը հավատում է վարչապետին, ինչը նախորդ իշխանությունների ժամանակ այդպես չէր։

Այդ հավատքն արտահայտվում է որոշակի ագրեսիվ դրսևորումներով՝ վերբալ, խոսքային ագրեսիա, և այլն։ Կարծում եմ՝ սա ժամանակավոր է և կանցնի, չեմ կարծում, որ Փաշինյանը և իր կողմնակիցները կարող են վերածվել բռնապետների, որտեղ այլակարծությունն արհամարհվում է կամ չի ընդունվում։ Հակառակը, տեսնում եմ, որ յուրաքանչյուր արտահայտված քննադատության համար նրանք ինչ-որ բան անելու, ցույց տալու համար՝ իրենց տեսակետն ունեն։

Նոր հեղափոխական իշխանությունից մենք չենք կարող սպասել՝ ամեն ինչ կատարել հստակ և կշռադատված։ Նրանք էլ մեզ նման մարդիկ են, և այնպես է ստացվել, որ հայտնվել են իշխանական բուրգի հետևում, բայց մարդիկ են, որոնք ունեն իրենց ուժեղ և թույլ կողմերը։ Երկուստեք պետք է վերանայենք մեր վարքի ձևերը, որովհետև չպետք է մոռանանք մեր հիմնական նպատակը՝ ազգի բարօրությունը, չպետք է լինի փոքր մի խմբի գերիշխանություն, որը պետք է գերակա լինի նաև ուրիշների համար։

Կարծիքներ կան, որ նոր իշխանությունը ցանկանում է հենց այս տարվա դեկտեմբերին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, քանի որ մարդկանց վստահությունը կորցնելու վախ ունի։ Նոր իշխանությունների մոտ կա՞ ձայներ հավաքելու և մենիշխանություն հաստատելու հոգեբանական բարդույթ։

– Մեկ բան պարզ է, որ յուրաքանչյուրը փորձում է իր տեսակետը պահպանել: Ասեմ հետևյալը, որ դեկտեմբերին նրանց ժամանակը կարճ է լինելու՝ ունենալ այդքան լծակներ։ Միգուցե նախկին իշխանություններն ուզում են այդ ժամկետը երկարաձգել՝ շատ դրական միտումներ ունենալով, իսկ նոր իշխանությունը մի քանի առիթներով ասել է, որ կարող են լինել անցանկալի սցենարներ։ Բնականաբար, կողմերից յուրաքանչյուրն ունի իր մշակած ծրագիրը, հակված եմ հավատալու, որ նրանք, ունենալով ԱԺ-ում իրենց իշխանության դեռևս պատրանքը, պարզ է, որ ավելի ագրեսիվ ու վիրավորված են։

Նախկին իշխանությունը դժվար է ընդունում իր պարտությունը, նրանք դեռևս ինչ-որ քայլեր են ձեռնարկում, թե ինչ նպատակով՝ չգիտենք։ Մեկ բան պարզ է, որ դե ֆակտո նրանք արդեն չունեն այդ ուժը. եթե նույնիսկ լավ բան են ասում՝ արժանանում է ժողովրդի քննադատությանը, իսկ սա արդեն մտածելու տեղիք է տալիս, թե արդյոք չպե՞տք է ջնջել ու նորից սկսել։ Կարծում եմ՝ այս երկու անհամաչափության մեջ, որտեղ օրենսդիր մարմինը մի գաղափարախոսություն ունի, իսկ գործադիրը՝ մեկ այլ, մենք տասնյակ տարիներ տեսել ենք, որ նրանց գաղափարախոսության մեջ ոչինչ չի փոխվել։ Այսօր մենք պետք է առիթ տանք, որ այս իշխանությունը գործի, թեկուզև հետո համոզվենք, որ սրանք էլ են սխալվել, բայց, միևնույն է, առիթը պետք է տրվի։

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս