ԵՄ-Հայաստան համաձայնագրի շուրջ աշխատանքներն էականորեն դանդաղել են

Ռումինիան դարձավ ԵՄ վեցերորդ երկիրը, որն ավարտին հասցրեց անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում կնքված՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը:

Այս առնչությամբ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը գրել էր. «Հոկտեմբերի 8-ին Ռումինիայի Խորհրդարանը ավարտին հասցրեց անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում կնքված՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը (Ռումինիայի Խորհրդարանի Ստորին պալատն այն վավերացրել էր հունիսի 27-ին)։ «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի մասին» օրինագիծը Սենատն ընդունեց միաձայն քվեարկությամբ՝ 96 կողմ, 0 դեմ ձայներով: Օրենքն ուժի մեջ կմտնի Ռումինիայի նախագահի կողմից ստորագրվելուց և պաշտոնապես հրապարակելուց հետո»:

Ավելի վաղ համաձայնագիրը վավերացրել էին Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը: Համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելու համար համաձայնագիրը պետք է վավերացնեն ԵՄ անդամ բոլոր երկրները, չնայած հունիսի 1-ից արդեն մասամբ ուժի մեջ է մտել Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վերջինիս վավերացումից հետո:

«168 Ժամի» հետ զրույցում լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ գնահատելով համաձայնագրի վավերացման գործընթացը՝ ԵՄ անդամ երկրների, և մասնակի կիրարկումը՝ Հայաստանի Հանրապետության կողմից, ասաց, որ երկու ուղղությամբ էլ գործընթացն էականորեն դանդաղել է՝ ըստ ամենայնի Հայաստանում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններից հետո:

Ըստ նրա, հարցն այն է, որ Արևելյան գործընկերություն ծրագրին մաս կազմող երկրներն իրենք են թելադրում գործընթացների ռիթմը, արդյունավետությունը, երկրներն իրենք են ձևավորում համագործակցության ապագան, հաշվի առնելով ԵՄ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Ներկայումս, Զաշտովտի համոզմամբ, այն, ինչ տեղի է ունենում այս համաձայնագրի շուրջ, հայկական կողմի ցանկությունն է կամ ներկայիս կարողությունների վերին շեմը՝ հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք դեռ ընթանում են Հայաստանում:

«Մենք նախկինում էլ ասել ենք, որ ԵՄ անդամ երկրների հետ ևս պետք է աշխատել, որպեսզի խորհրդարանները հնարավորինս շուտ ավարտեն վավերացման գործընթացները: Ի դեպ, պետք է աշխատի ողջ քաղաքական համակարգը՝ որպես մեկ օրգանիզմ, ինչը ներկայումս Հայաստանի դեպքում հնարավոր չէ: Նման աշխատանք չի ընթանում:

Սակայն համապատասխան աշխատանքի դեպքում այսօր պատկերը, վստահ եմ, այլ կլիներ, իսկ մենք դեռ ունենք քսանից ավելի երկրներ, որոնք պետք է իրականացնեն այս գործընթացը: Կարծում եմ, նման տեմպերով բավականին երկար ժամանակ կխլի այդ գործընթացը: Այդ ընթացքում մասնակի կիրարկման փուլում է Հայաստանը, որը կարծես ԵՄ-ից ներկայումս շատ ավելի լայնածավալ աջակցություն է ակնկալում բարեփոխումների գործընթացին: Ինչպես երևում է, ԵՄ համապատասխան կառույցները սպասման մեջ են այս հարցով, իսկ ՀՀ կառավարությունն այս հարցին անդրադառնալու համար բավարար ժամանակ և ռեսուրս չունի:

Օրերս եղավ տեղեկություն, որ միջոցառումներ իրականացնող համապատասխան գերատեսչությունները մշակել են ճանապարհային քարտեզները, հուսանք, որ առաջիկայում է՛լ ավելի առարկայական տեղեկություններ կունենանք գործընթացի վերաբերյալ: ԵՄ-ն պետք է որոշ ժամանակ տա նոր իշխանություններին, որպեսզի նրանք մանրամասնորեն ուսումնասիրեն ներկայիս փաստաթուղթը և նաև իրենց առաջարկությունները ներկայացնեն անհրաժեշտության դեպքում:

Բայց ՀՀ իշխանություններն էլ իրենց հերթին՝ պետք է հաշվի առնեն, որ, թեկուզ դանդաղ, որոշակի աշխատանք պետք է իրականացնել՝ գործընկերների մոտ հարցեր չառաջացնելու համար: Ներկայումս նկատելի չէ` արդյոք այս համաձայնագիրը հարկավո՞ր է Հայաստանի Հանրապետությանը, թե՞ ոչ: Թեև տպավորությունը գուցե նրանից է, որ հայկական կողմը կենտրոնացած է ներքին կյանքի վրա»,- ասաց Զաշտովտը:

Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարի կարծիքով, ինչպես Հայաստանը, այնպես էլ՝ ԵՄ երկրները, վավերացման հարցում չեն շտապում: Նրա խոսքով, այս տեմպով կոնկրետ այս գործընթացը բավականին կերկարաձգվի:

«Բայց այստեղ մեկ այլ հարց է ծագում ինձ մոտ` արդյոք ներկայիս փաստաթուղթն իր այս բովանդակությամբ հետաքրքրո՞ւմ է ՀՀ իշխանություններին: Գուցե նրանք ավելին են ցանկանում: Այս տպավորությունն ունեմ, քանի որ ՀՀ վարչապետը խոսել էր ֆինանսավորման ավելացման մասին, այսինքն` ծրագրերը շատ ավելի գլոբալ են լինելու, բայց այդ գլոբալ ծրագրերը չեն կարող տեղավորվել այս փաստաթղթի սահմաններում, դրանց համար նոր ձևակերպումներ, նոր օրակարգեր են հարկավոր: Իսկ դա դժվար իրականանալի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը պետք է գործընթացը ներկայացնի Ռուսաստանի համար այնպես, որ եվրոպական ուղղությամբ որևէ խորացում տեղի չի ունենալու:

Բայց ես ԵՄ դիրքորոշումը ներկայումս բավականին պասիվ եմ որակում: ԵՄ-ն ևս պետք է իր առաջարկները և մոտեցումները ներկայացնի՝ չկորցնելու համար այն ամենը, ինչ արվել է Հայաստանում: Կա երկուստեք մտահոգվելու առիթ, քանի որ այս համագործակցությունը, չնայած ՀՀ նոր իշխանությունների, արդյունավետ է եղել Հայաստանի և ԵՄ-ի համար»,- ասաց Ռարը:

Տեսանյութեր

Լրահոս