Ատոմային էներգետիկայում գլոբալ ներդրումները կրճատվել են 45 տոկոսով
Ատոմային էներգետիկայում գլոբալ ներդրումները 2017 թվականին նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել են 45 տոկոսով եւ կազմել 17 մլրդ դոլար՝ կապված, մասնավորապես, այն բանի հետ, որ աշխարհում աճում է ատոմային էլեկտրակայաններից հրաժարվելու միտումը: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտնել է Nikkei թերթը՝ վկայակոչելով էներգետիկայի միջազգային գործակալության տվյալները:
Նրա հաշվարկներով՝ մոլորակի էներգետիկական ոլորտում ներդրումների ընդհանուր ծավալը 2017 թվականին կազմել է 1,8 տրլն դոլար՝ նախորդ տարվա համեմատությամբ կրճատվելով 2 տոկոսով: Հանքային վառելիքի օգտագործման վրա հիմնված հզորություններում կապիտալ ներդրումներն ընդհանուր առմամբ մնացել են նախկին մակարդակի վրա: Սակայն նոր ատոմակայանների շինարարության գործում կատարվող ներդրումներն աշխարհում, թերթի տվյալներով, նվազել են 70 տոկոսով: Nikkei-ը նշում է, որ բազմաթիվ երկրներ սկսել են ատոմային էներգետիկային անվստահությամբ վերաբերվել 2001 թվականի գարնանը ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո:
Դրանից հետո անվտանգության հարցում աճած պահանջները բերում են նաեւ ատոմային էլեկտրակայանների կառուցման նախագծերի զգալի թանկացման, ինչը նվազեցնում է դրանց գրավչությունը: Թերթը հիշեցնում է, որ, մասնավորապես, Գերմանիան որոշել է լիովին հրաժարվել ատոմակայաններից, Շվեյցարիայում հանրաքվեի արդյունքներով արգելված է կառուցել նոր ատոմակայաններ, Ֆրանսիան մտադիր է կրճատել իր կախվածությունը ատոմային էներգետիկայից: Համանման գործընթացներ են տեղի ունենում նաեւ Ասիայում. Թայվանը, օրինակ, մինչեւ 2025 թվականը մտադիր է հրաժարվել ատոմային էլեկտրակայաններից, դրանց օգտագործման լուրջ սահմանափակումներ են մտցվում Հարավային Կորեայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: