Պոլսահայ լրագրողի նամակն Ազնավուրին. Ձեր մասին պատմելն իմ հոգու պարտքն է
Պոլսահայ լրագրող Անժել Դիքմենը թուրքական «Artıgerçek» կայքում Շառլ Ազնավուրին ուղղված նամակի ձևով հոդված է հրապարակել: Դիքմենը նշում է, որ թուրք ընկերներին Ազնավուրի մասին պատմելն իր համար հոգու պարտք է, քանի որ ոչ բոլոր թուրքերն են ընկալում Ազնավուրի մոտեցումները: Շատերը, ըստ Դիքմենի, մեկնաբանություններ են գրում, թե ինչո՞ւ պետք է հարգեն Ազնավուրի հիշատակը, չէ՞ որ նա Թուրքիայի թշնամին էր:
Ըստ ermenihaber.am-ի՝ պոլսահայ լրագրողն այս համատեքստում վերհիշում է իր և Ազնավուրի առաջին հանդիպումը.
«Առաջին անգամ Փարիզում Ձեզ տեսա՝ Կոմիտասի արձանի բացման արարողության ժամանակ: Երբ բազմությունը հեռացավ, Ձեզ մոտ եկա և սեղմեցի Ձեր ձեռքը: Ապրիլի 24-ն էր: Այդ օրը ցեղասպանության հիշատակին նվիրված քայլերթ կար: Սակայն Դուք չցանկացաք մասնակցել: Ասացիք, որ այն օրը, երբ Թուրքիան որպես պետություն ընդունի Հայոց ցեղասպանությունը, Դուք թուրք պաշտոնյաների հետ միասին կմասնակցեք քայլերթին: Վստահ էիք, որ ի վերջո ընդունելու են: Այս ժխտմամբ և ուրացմամբ կարծում էիք, որ թուրք երիտասարդների ճակատին բիծ են թողնում: Մինչդեռ համոզված էիք, որ Թուրքիայում լավ երիտասարդություն կա…»:
Անժել Դիքմենն այս առումով զուգահեռ է անցկացնում Հրանտ Դինքի հետ՝ ընդգծելով, որ չնայած Դինքն ի տարբերություն Ազնավուրի՝ թուրքերեն էր գրում և արտահայտվում, այնուամենայնիվ, ոչ բոլոր թուրքերն էին նրան հասկանում, նրան ներկայացնում էին որպես թուրքերի թշնամի: Եվ որպեսզի թուրքական շրջանակներում Ազնավուրն էլ չներկայացվի որպես թուրքերի դեմ ատելություն քարոզած, թուրքերին թշնամի համարած մի անձնավորություն, Դիքմենն իր հոգու պարտքն է համարում գրել և պատմել Ազնավուրի մասին իր թուրք ընկերներին:
Նա, ի պատասխան «ինչո՞ւ պետք է հարգենք Ազնավուրի հիշատակը, չէ՞ որ նա Թուրքիայի թշնամին էր» ասող թուրքերի, իր հոդվածում մեջբերում է Շառլ Ազնավուրի «Նամակ իմ թուրք բարեկամին» բանաստեղծությունը: