«ԵՄ-ին չի կարող չմտահոգել նաև այն, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցը դուրս է Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգից». քաղաքագետ
«Թուրքիայում խնդիրներն այնքան շատ են, որ հայ-թուրքական սահմանի բացման գործոնը ԵՄ անդամակցության ձգձգման պատճառների շարքում առաջինը չէ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքական վերլուծաբան Չենգիզ Աքթարը՝ անդրադառնալով այն պատճառներին, որոնց հետևանքով Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը երկարաձգվել է:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցով անցկացվելիք հանրաքվեի հնարավորության մասին: Այս մասին նա խոսել է Ստամբուլում տեղի ունեցած ֆորումի ժամանակ՝ հավելելով, որ կարող է այդ հարցով հանրաքվե կազմակերպել: «ԵՄ անդամ են դարձել այնպիսի երկրներ, որոնց նույնիսկ չի կարելի համեմատել մեզ հետ: Եթե այսպես շարունակվի, մենք, հնարավոր է՝ ստիպված լինենք դիմել մեր 81 միլիոն բնակչությանը, տեսնենք, թե ինչ կասեն նրանք»,- ասել է Էրդողանը:
Էրդողանը հայտարարել է նաև, որ «ԵՄ-ի վերջը մոտ է»: «Թող ժամ առաջ դա տեղի ունենա, որպեսզի մենք էլ մեր կուրսը հստակեցնենք»,- ավելացրել է Թուրքիայի նախագահը: Ավելի վաղ՝ 2017 թվականի ապրիլին, Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կարող է վերանայել իր որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու մասով, իսկ Եվրոպական Միություն մտնելու հայտ էր ներկայացրել դեռ 1987 թվականին:
Թուրք վերլուծաբանի խոսքով՝ Թուրքիայի ԵՄ անդամակցությունը ենթադրում է երկարատև ժողովրդավարական զարգացում, ընթացք դեպի եվրոպական քաղաքակրթություն: Ըստ նրա՝ հայտնի ներկայացումից հետո շատ տարբեր թեմաներ են հայտնվել Թուրքիայի ԵՄ անդամակցության ճանապարհին, այդ թվում՝ հայ-թուրքական սահմանի բացումը, քանի որ Եվրոպայում չեն կարող լինել փակ սահմաններ:
«Բայց խնդիրներն այնքան շատ են, առաջին հերթին՝ Թուրքիայի ներսում, որ հայ-թուրքական սահմանի գործոնն առաջնային պլանում չէ: Ուստի այն, ինչ տեղի է ունենում Թուրքիա-ԵՄ հարաբերություններում, ինձ համար սպասելի է:
Հարաբերությունները վերջին տարիներին բավականին լարված են, քանի որ ԵՄ-ն առավելապես հաշվի է առնում այն իրավիճակը, որը տիրում է Թուրքիայում` եվրոպական արժեքներին համապատասխանող բարեփոխումների բացակայությունը, իշխանության քաղաքականությունը, մարդու իրավունքների վիճակը, քաղբանտարկյալները, ազատ մամուլի նկատմամբ արշավը և այլն: Պատճառները շատ են, այդ թվում՝ արտաքին քաղաքական` հարևանների հետ լարված հարաբերություններ: ԵՄ-ն անընդհատ կոչ է անում շտկել ներկայիս իրավիճակը, այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշերին, օրենքի գերակայության սկզբունքներին:
Կարծում եմ` այս պատճառներից նույնիսկ մեկը բավարար է ներկայիս Եվրամիության համար՝ այս գործընթացը կասեցնելու համար, քանի որ ԵՄ-ն ներկայումս պատրաստ չէ ընդլայնման՝ հատկապես միգրացիոն ճգնաժամից հետո սիրիական հակամարտության ֆոնին: Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա այս հանրաքվեի մասին խոսակցությունը ոչ թե Թուրքիայի եվրոպական ձգտումներն արտացոլելու նպատակով է, այլ ԵՄ-ին դժվար հարցի առջև կանգնեցնելու, քանի որ Էրդողանի ցանկությունը՝ բարելավել հարաբերությունները ԵՄ-ի հետ, չեն հաջողվում, քանի որ նա ցանկանում է լավ հարաբերություններ ԵՄ-ի հետ՝ առանց Թուրքիայի կողմից ներքին և արտաքին բարեփոխումների, ցանկանալով, սակայն, ստանալ ֆինանսավորում ԵՄ անդամակցությանը պատրաստվելու համար»,- ասաց վերլուծաբանը:
Սակայն, փորձագետի կարծիքով, ԵՄ անդամ Թուրքիան վստահելի ու կանխատեսելի կարող էր լինել երկրի ներսում և դրսում:
«Մենք կցանկանայինք, որ Թուրքիան իսկապես շարժվեր այդ ճանապարհով: Տվյալ դեպքում ներկայիս խնդիրները չէին լինի նաև Հայաստանի հետ: Սակայն Թուրքիան այս ուղղությամբ իրավիճակ փոխելու որևէ նշան ցույց չի տալիս, այս հարցը Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգից կարծես դուրս է եկել: Սա ևս չի կարող չմտահոգել Եվրամիությանը: Ուստի այսօր ունենք այն, ինչ ունենք, և դա բնական է»,- ասաց Աքթարը: