Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստում քննարկվել են Երևանի հռչակագրի և Գագաթաժողովի այլ փաստաթղթերի նախագծեր
Երևանում հոկտեմբերի 7-ին կայացել է Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը, որին մասնակցում էին կազմակերպության լիիրավ, ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների և կառավարությունների, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկեր կառույցների շուրջ հարյուր բարձրաստիճան պատվիրակություններ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Մշտական խորհրդի նիստը բացել է ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ով ներկայացրել է գագաթաժողովին ընդառաջ քարտուղարության կողմից կատարվող աշխատանքները, կազմակերպության առաջնահերթությունների, Ֆրանկոֆոնիայի տնտեսական, դիվանագիտական և քաղաքական հարթակներում գործունեությունը: Ելույթ է ունեցել նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժակ Կրաբալը:
Ողջունելով Մշտական խորհրդի նիստի մասնակիցներին՝ ՖՄԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր ելույթում մեծապես կարևորել է կազմակերպության գործունեությունն՝ ուղղված ճգնաժամային իրադրություններում հայտնված երկրներին աջակցելուն և ժողովրդավարական գործընթացների խրախուսմանը:
«Հայաստանը մեծապես կարևորում է երիտասարդների ներգրավվածությունն ու մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի աշխատանքներին, ինչպես նաև Գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցող միջոցառումներին՝ այդ առնչությամբ մեծապես կարևորելով Ֆրանկոֆոնիայի երիտասարդների ցանցում իրականացված խորհրդատվությունը «Միասին ապրելու ֆրանկոֆոն կոչի» մշակման գործում»,- նշել է նա ։
Անդամ երկրների ներկայացուցիչներն անդրադարձել են նաև Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին և օրակարգին առնչվող տարբեր հարցերի: Քննարկվել են Երևանի հռչակագրի, որոշումների և գագաթաժողովի այլ փաստաթղթերի նախագծերը:
Կազմակերպության լիիրավ անդամների նիստում հաստատվել է 17-րդ գագաթաժողովին ուղղված՝ կարգավիճակի փոփոխության կամ անդամակցության հայտերի վերաբերյալ հատուկ աշխատանքային խմբի զեկույցը: