«Խոսքը ոչ թե «ինչ-որ» մեկ լարի մասին է, ինչպես իր խոսքում պնդել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը, այլ լարերի մի ամբողջ խրձի». Նաիրի Պետրոսյան

Դեռևս իշխանափոխությունից առաջ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշում էր կայացրել Կոնդի կառավարական առանձնատունը սեփականության իրավունքով փոխանցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Խորհրդարանի կողմից ապրիլի 17-ին վարչապետ ընտրվելուց երկու օր անց, սակայն, Սերժ Սարգսյանն իր վարած կառավարության առաջին իսկ նիստի ընթացքում հայտարարեց, որ հրաժարվում է իրեն տրամադրված կառավարական առանձնատան սեփականության իրավունքից` պատճառաբանելով` դրա ժամանակը չէ։ Եվ դա այն դեպքում, երբ ՀՀ օրենսդրությամբ պաշտոնաթողությունից հետո բնակարաններ են տրամադրվել թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ այդմ, հանձնարարեց լուծել երրորդ նախագահին օրենքով հասանելիք բնակարանի խնդիրը։

Տևական ժամանակ է սակայն, որ չի լուծվում Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու հարցը, և հիմա արդեն հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը ողջամիտ ժամկետում կլքի Կոնդի կառավարական առանձնատան տարածքը:

Խնդիրն այստեղ այնքան երրորդ նախագահին բնակարանով ապահովելու խնդիրը չէ, որքան հարցի անիմաստ կամ միգուցե որոշակի շրջանակների համար իմաստավորված չարչրկումը:

Ակնհայտ է, որ թե Լևոն Տեր-Պետրոսյանին և թե Ռոբերտ Քոչարյանին բնակարանով ապահովելու ժամանակ նույնպես եղել են քննարկումներ, անվտանգության խնդիրներ, միգուցե անհամաձայնություններ, բայց լայն հասարակությունն այդ մասին չի իմացել. Հարցը լուծվել է կողմերի միջև, և հասարակությունը պարզապես տեղեկացել ենք վերջնական իրողության մասին:

Ինչևէ, փաստ է սակայն, որ հարցը մինչև այժմ չի լուծվել, իսկ իշխանությունները պարբերաբար, ի դեմս վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի, հայտարարում են, որ գնդակը Սերժ Սարգսյանի դաշտում է, և որ նրա գրասենյակը առաջարկված տարբերակներից որևէ մեկին չի համաձայնել:

Այսպես, հոկտեմբերի 6-ին www.azatutyun.am-ին տված իր հարցազրույցում Էդուարդ Աղաջանյանը մասնավորապես նշել է, որ Սարգսյանը հրաժարվել է նաև կառավարության առաջարկած վերջին՝ թվով տասներորդ առանձնատնից:

«Այդ առաջարկը ևս մերժվել է՝ չնայած բանավոր, և ըստ էության հաշվի առնելով, որ դա վերջին առաջարկն է եղել, մենք այլ տարբերակ էլ չենք առաջարկելու: Սովորաբար իրենց հիմնավորումները անվտանգության հետ են կապված լինում: Այս դեպքում, մասնավորապես, ինչ֊որ տան վրայով անցնող լարի մասին էր խոսքը՝ էլեկտրական գծի, որը, ըստ իրենց անվտանգության խնդիրներ էր առաջացնում»,- «Ազատության» հետ զրույցում նշել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Հարցի առնչությամբ 168.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանից` խնդրելով բացատրել, թե ինչ «մեկ լարի» մասին է խոսքը, և արդյո՞ք այն անվտանգության տեսանկյունից խնդիրներ է առաջացնում: 

«Խոսքը ոչ թե «ինչ-որ» մեկ լարի մասին է, ինչպես իր խոսքում պնդել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը, այլ լարերի մի ամբողջ խրձի։ Դա անընդունելի է հատուկ պահպանություն ենթադրող օբյեկտի համար։ Լարերի նման կենտրոնացման պարագայում հնարավոր են ինչպես վտանգ ներկայացնող պատահական միջադեպեր, այդպես էլ առկա է վնասակար միտումով դրանք օգտագործելու հնարավորություն»,- ասաց Նաիրի Պետրոսյանը:

Վերջինս նշեց նաև, որ որպեսզի այս խոսքը մերկապարանոց չհնչի, ավելորդ շահարկումներից խուսափելու նպատակով իրենք ներկայացնում են լուսանկար, որտեղ հստակ երևում է պատկերը:

Տեսանյութեր

Լրահոս