«Արմ-Աերո» ընկերության 11 աշխատակիցներ ապօրինի գործողությունների հետևանքով դարձել են գործազուրկ
«Արմ-Աերո» ընկերության բոլոր աշխատակիցները, մոտ 11 հոգի՝ օդաչուներ, բորտ- ինժեներներ, մեխանիկներ, այս տարվա սեպտեմբերի 30-ից գործազուրկ են դարձել: Արցախյան պատերազմի ժամանակ նրանք ազատամարտիկներին հասցրել են զենք և զինամթերք, վիրավորներ տեղափոխել հիվանդանոցներ, և այսօր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, որ ապօրինի գործողությունների հետևանքով դարձել են գործազուրկ:
Մինչև 2003 թվականը օդաչուներն աշխատել են «Հայկական ավիաուղիներում», որի սնանկ ճանաչվելուց հետո նրանք իրենց աշխատանքը շարունակել են 2004 թվականին ստեղծված «Արմ-Աերո» ընկերությունում:
Ուղղաթիռի հրամանատար, հրահանգիչ Կարեն Վարդանյանի խոսքով՝ սկզբնապես իրենց խոստացել են, որ կտան երեք քաղաքացիական ուղղաթիռ, որը կաշխատեցնեն, սակայն տեսնելով, որ երկիրը գտնվում է կիսապատերազմական իրավիճակում, երկու ուղղաթիռից հրաժարվել են և վերցրել են միայն մեկը:
«2003 թվականին եղավ ՀՀ կառավարության որոշում, որով ընկերության անձնակազմն ու գույքն ամբողջությամբ պետք է տեղափոխվի Պաշտպանության նախարարություն, որտեղ պետք է շարունակեինք աշխատել: Քանի որ ՊՆ-ում չէինք կարող աշխատել՝ որպես զինվորական, ուստի կառավարության որոշմամբ ստեղծվեց «Արմ-Աերո» ՓԲԸ-ն, որի 100 տոկոսանոց բաժնեմասերի տերը համարվում է Պաշտպանության նախարարությունը: Որպես քաղաքացիական թռիչքներ կատարողներ՝ մենք թռիչքներ ենք կատարել դեպի Արցախ, Տաթև, յուրաքանչյուր տարի անտառների սրսկումները նույնպես մենք ենք արել, աշխատանքներ իրականացրել ենք և մեծ եկամուտներ բերել ընկերությանը»,- նշեց Կ. Վարդանյանը:
Ըստ նրա, որոշ ժամանակ աշխատելուց հետո իրենց ուղղաթիռը վերցրել են, որպեսզի տանեն վերանորոգման, Պաշտպանության նախարարությունից խոստացել են, որ վերանորգման աշխատանքները կավարտեն մեկ ամիս անց, և օդաչուները կրկին կսկսեն աշխատել: Այնուհետև «Արմ-Աերո» ընկերությունը նրանց ուղղաթիռ է տվել, որն առանց վերանորոգման աշխատել է երեք տարի, որից հետո ընկերությունը վերցրել է ուղղաթիռը և պատճառաբանել, որ այլևս ինքնաթիռ չունի:
«Մենք ունենք կուրատոր, որը նստում է Պաշտպանության նախարարությունում, տարիներ շարունակ այս ընկերության համար մեծ եկամուտներ ենք ապահովել: Մեզ ասում են, որ 100 մլն դրամ փոխանցել են Պաշտպանության նախարարություն, բայց նախատեսված է, որ այդ գումարները պետք է ծախսեին ուղղաթիռների վերանորոգման համար:
Այսօր, երբ հարց ենք բարձրացնում, թե ինչո՞ւ մեզ ուղղաթիռ չեն տալիս, պատասխանում են, թե չունեն: Գիտենք, որ ունեն, մեր տնօրինության համար մենք գլխացավանք ենք, պայքարել ու ստեղծել ենք այս ընկերությունը, այսօր կանգնել մեզ ասում են, թե իրենց պետք չենք: Եթե ես 90 օր թռիչքներ չկատարեմ, ապա ստիպված եմ լինելու գնալ վերապատրաստման, կրկին քննություններ հանձնել, ինչը ենթադրում է ծախսեր: Այս փողերը, որոնք փոխանցել են ՊՆ-ին, կարող էին մի մասը հատկացնել ուղղաթիռների վերանորոգմանը: Մեզ ասում են, թե պետությունը պետք է վերանորոգի ինքնաթիռը, բայց ինչո՞ւ պետք է պետությունը վերանորոգի: Ընկերությունում մեզ ասում են՝ մի քանի մեդալ ստացել եք, մեկն էլ կտանք, ու աշխատանքից դուրս կգաք»,- ասաց Կ. Վարդանյանը:
Նա տեղեկացրեց, որ խնդրի հետ կապված՝ դիմել են Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, պատրաստվում են առաջիկայում դիմել նաև ՀՀ վարչապետին:
«Մենք ցանկանում ենք հանդիպել նաև ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, մեր կուրատորն ասել է, որ հանդիպում կկազմակերպի, բայց զանգում ենք, ասում է, թե՝ Դ. Տոնոյանը զբաղված է, և այլն: Մենք ցանկանում ենք, որ մեր ձայնը հասնի վարչապետին և պաշտպանության նախարարին, գուցե այս ամենի մասին նրանք տեղյակ չեն»,- փաստեց ուղղաթիռի հրամանատարը:
168.am-ի դիտարկմանը, թե իրենց աշխատանքից հեռացնելու հետ կապված դիտավորություններ տեսնո՞ւմ են, Կարեն Վարդանյանը փաստեց, որ արդեն տեղեկացել են, որ իրենց փոխարեն՝ աշխատանքի են տեղավորել ընկերության ղեկավարության բարեկամներին:
Ինչ վերաբերում է հետագա քայլերին, Կ. Վարդանյանը նշեց, որ, եթե կառավարության ղեկավարն իրենց հարցին չարձագանքի, ապա Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների ավարտից հետո պատրաստ են նույնիսկ հացադուլ հայտարարել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։
Զվարթ Խաչատրյան