Ինչու է Ռուսաստանը լռում ՀԱՊԿ-ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցի վերաբերյալ

«Չի բացառվում, որ ՀԱՊԿ-ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ շնորհելու հարց մի օր պաշտոնապես քննարկվի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը, անդրադառնալով Ադրբեջանի` ՀԱՊԿ-ում կարգավիճակ ստանալու հեռանկարի հնարավորությանը:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Ադրբեջանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին՝ դիտորդի կամ որևէ այլ կարգավիճակով, ասել էր, որ նման որևէ պաշտոնական գործընթաց չկա:

Ֆելգենգաուերն ասաց, որ Ադրբեջանը և այն երկրները, որոնք ՀԱՊԿ-ում ներկայացված են և սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, փորձում են այս հարցը ՀԱՊԿ-ում դարձնել օրակարգային թեմա: Ըստ նրա, չի բացառվում, որ նման հարց մի օր պաշտոնապես քննարկվի ՀԱՊԿ-ում, բայց ՀԱՊԿ կանոնադրությունը ենթադրում է կոնսենսուս այս հարցում, ուստի կոնսենսուսի բացակայությունն անհնար կդարձնի այս հեռանկարի դրական հանգուցալուծումը: Ֆելգենգաուերի կարծիքով, ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակը մեծ արտոնություններ չի տալու Ադրբեջանին, պարզապես կան հույսեր, որ դա կդառնա հավելյալ լծակ Ադրբեջանի ձեռքում մի շարք հարցերում` ռազմատեխնիկական համագործակցություն ՀԱՊԿ անդամ երկրների հետ, ԼՂ հակամարտության գործընթացում, և այլն:

«Հայտնի է, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից, Բելառուսից, ՀԱՊԿ-ում Ադրբեջանի աշխատանքը կարող է ձեռնտու լինել Ադրբեջանին, Ղարաբաղի ուղղությամբ ևս Ադրբեջանը հնարավորություն կունենա այս կազմակերպությունում ուղիղ կերպով հանդես գալ՝ որպես ԼՂ հակամարտության կողմ, երբ լինեն մեղադրանքներ այն մասին, որ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը: Հարկ է նշել, որ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակը չի ենթադրում որոշումների մասնակցություն, բայց, իհարկե, դա նույնը չէ, ինչ կարգավիճակի բացակայությունը` Ադրբեջանը որոշ արտոնություններ կարող է ունենալ նախկինի համեմատ:

Այսինքն` Ադրբեջանի շահագրգռվածությունը բացատրելի է` այն հիմնականում պայմանավորված է ԼՂ հակամարտության գոտու զարգացումներով: ՀԱՊԿ անդամ Ղազախստանին այս հեռանկարը ձեռնտու է՝ հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների բնույթը, Բելառուսի դեպքում ևս կա նույնատիպ բացատրություն, Ռուսաստանին գուցե սա հետաքրքրեր՝ ցույց տալու համար, որ ՀԱՊԿ-ն ընդլայնում է իր աշխարհագրությունը, հզորացնում է կառույցը: Բայց Ռուսաստանն այս հարցով դիրքորոշում չի հայտնի՝ հաշվի առնելով Հայաստանի դիրքորոշումը:

Ռուսաստանը հասկանում է, որ այս լարված մթնոլորտում այս թեմայով սեփական կարծիքի հանրայնացումը կարող է է՛լ ավելի սրել իրավիճակը երկկողմ հարաբերություններում, որի ցանկությունը Ռուսաստանը չունի: Ըստ էության, Ռուսաստանի համար շահավետ է, երբ Ադրբեջանը ՀԱՊԿ կազմում չէ»,- ասաց Ֆելգենգաուերը:

Նրա դիտարկումների համաձայն՝ այսօր այս թեմայի շուրջ քննարկումներն ակտիվացել են, քանի որ նկատվում են խնդիրներ հայ-ռուսական հարաբերություններում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված սկանդալ ևս տեղի ունեցավ, որն առիթ տվեց վերոնշյալ հարցով շահագրգիռ կողմերին սկսել լոբբինգի ենթարկել այս հարցը:

«Ադրբեջանը ՀԱՊԿ-ում արդյունավետ աշխատանք տանում է, ընդհանրապես Ադրբեջանը մի շարք միջազգային հարթակներում է ակտիվ լոբբիստական աշխատանք ծավալում՝ որոշ տեղերում կարողանալով առաջ անցնել հայ լոբբիստներից: Կոնկրետ ՀԱՊԿ-ում Ադրբեջանը դա անում է իր գործընկեր երկրների միջոցով, հենց դա էլ սովորաբար պատճառ է եղել, որպեսզի հայ հասարակության շրջանում դժգոհություններ լինեն Ղարաբաղյան ուղղությամբ ՀԱՊԿ քայլերից և արձագանքներից:

Սակայն ես կրկին անգամ ցանկանում եմ նշել, որ ՀԱՊԿ-ը անդամ բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար կարևոր է այն հանգամանքով, որ սա հնարավորություն է տալիս Հայաստանին երաշխիքներ ունենալ Ռուսաստանից, այսինքն` սա երկկողմ ռազմաքաղաքական հարաբերությունների մասին է: Սրա շնորհիվ Հայաստանը բազում առավելություններ է ստանում Ռուսաստանից այս ոլորտում:

Այնուամենայնիվ, Հայաստանի դիրքորոշումն այս հարցով ինձ համար ընկալելի է: Կարծում եմ` հարցի կարևորության գիտակցումը կա նաև Ռուսաստանում, հենց այդ պատճառով թեման պաշտոնական մակարդակում շրջանցվում է»,- ասաց նա` հավելելով, որ, եթե կոնսենսուս չլինի, այնուամենայնիվ, այդ դիտորդությունն անհնար կլինի:

Տեսանյութեր

Լրահոս