Մարալիկում աշակերտներին բռնությամբ դպրոցից տանում են, որպեսզի մասնակցեն քաղաքապետի դեմ իրականացվող բողոքի ակցիային
Արդեն երեք օր է՝ Մարալիկի համայնքապետարանի բնականոն աշխատանքը խաթարված է։ Մի շարք ակտիվիստներ բողոքի ակցիա են իրականացնում համայնքապետարանի մոտ, որի արդյունքում աշխատակիցների ազատ ելումուտը խոչընդոտվում է։ Ակցիայի մասնակիցները պահանջում են քաղաքապետի հրաժարականը։
168.am-ի հետ զրույցում Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը տեղեկացրեց, որ այս պահին իրենց համախոհները ևս հավաքվել են քաղաքապետարանի մոտ և պահանջում են ապահովել քաղաքապետարանի բնականոն աշխատանքի ապահովում։
«Ճիշտ է, երեկ Շիրակի մարզային վարչության պետը և Շիրակի փոխմարզպետը ներկայացան, որպեսզի բանակցություններ տանեն մեր և բողոքի ակցիայի մասնակիցների միջև, սակայն ոչինչ չստացվեց։ Դրանից հետո ոստիկանապետի տեղակալը խոստացավ, որ առավոտյան ժամերին կհորդորի դադարեցնել բողոքի ակցիաները, որպեսզի ապահովեն համայնքապետարանի նորմալ աշխատանքը, սակայն նրանք չկատարեցին իրենց խոստումը՝ չապահովելով այդ գործառույթը։ Որպես անգործություն՝ դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազին, որ վերջինս ձեռնարկի միջոցներ, քանի որ ոստիկանությունը չի կատարում տեղական ինքնակառավարման մարմնի գործությունեությունն ապահովելու վերաբերյալ խնդիրները։ Այս պարագայում մենք կփորձենք օրենքի շրջանակներում ապահովել մեր լիազորությունները և աշխատանքային գործընթացը։ Ներկայումս տարվում են բանակցություններ, որպեսզի կարողանանք ձեռնարկել այլ միջոցներ՝ մեր աշխատանքի բնականոն ընթացը վերականգնելու համար։
Քանի որ որևէ մեկը ուշադրություն չի դարձնում այս խնդրին, և ոստիկանությունը չի կատարում այն գործառույթը, որը պարտավոր է սահմանադրորեն, նրանք անգործության մեջ են։ Ավելին՝ պետական կառույցները փորձում են ճնշում գործադրել իմ և տեղական ինքնակառավարման մարմնի վրա, որպեսզի այստեղ հարցի լուծումներն այլ կերպ ընթանան։ Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը, շարունակելու ենք ազգաբնակչության գերակշիռ մասի վստահությամբ, որն իր քվեն մեզ է տվել, մենք տեր ենք կանգնելու նրանց քվեին»,- նշեց Մարալիկի քաղաքապետը։
Դիտարկմանը, թե կոնկրետ ո՞ր պետական մարմինն է ճնշումներ գործադրում, Արտակ Գևորգյանը նկատեց, որ ժամանակը կգա, և ավելի բաց ձևով հանդես կգա, կներկայացնի, թե ինչ կերպ են փորձում հարցերը լուծել, և ինչ խնդիրներ են ստեղծվում, որպեսզի ՏԻՄ-ն իր գործառույթները չկարողանա իրականցնել։
Ըստ Արտակ Գևորգյանի, բողոքի ակցիայի մասնակիցներն իր հրաժարականը պահանջելով՝ չեն ներկայացնում որևէ հիմնավորում, ներկայացնում են միայն «հեքիաթներ» և փորձում են այդ կերպ հասնել հաջողության։
«Բողոքի ակցիայի մասնակիցների մեջ կան տարբեր ժամանակներում քաղաքապետի ընտրություններում պարտված թեկնածուներ, տարբեր քաղաքական հայացքների ներկայացուցիչներ և այնպիսի մարդիկ, որոնք ևս աչք են դրել, որպեսզի այս իրավիճակում օգտվեն իրավիճակից և հավակնեն այս պաշտոնին։ Ակցիայի մասնակիցները պարզապես փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից, երազում և ձգտում են Անի համայնքի ղեկավարի պաշտոնին՝ չգիտակցելով, որ այդ պաշտոնը թափուր չէ, և 11 ամիս առաջ խոշորացման արդյունքում ժողովուրդն այն վստահել է Արտակ Գևորգյանին։ Անի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած է ժողովրդի վստահությամբ, և մենք տեր ենք կանգնելու այդ վստահությանը»,- ընդգծեց Արտակ Գևորգյանը։
Նրա այլևս վստահ կարող է ասել, որ իր վրա ճնշումներ են գործադրում այն պատճառով, որ Հանրապետական կուսակցության անդամ է, որի արդյունքում էլ կիրառվում է քաղաքական նման ճնշում։ «Արդեն երրորդ օրն է, որ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք ունեն թելադրանք և «պադդերժկա»՝ մտնում են դպրոցներ և բռնությամբ աշակերտներին բերում են բողոքի ակցիայի։ Ծնողները զանգում են Կրթության և գիտության նախարարության թեժ գծին, ոստիկանություն, սակայն արդյունք չկա, բոլորը լռում են։ Այս մասին բարձրաձայնվել է Շիրակի մարզպետարանում, փոխմարզպետի մոտ, սակայն անարդյունք։ Սա բռնություն է երեխաների, դպրոցի, մանկավարժների և կրթության հանդեպ»,- հավելեց Ա. Գևորգյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ կփորձեն այս հարցին գտնել արագ լուծում, որպեսզի կանոնակարգեն համայնքապետարանի աշխատանքները։
Զվարթ Խաչատրյան