«Սա խնդիր է, որն ազդում է և՛ հարկային դաշտի, և՛ երկարաժամկետ ծրագրերի, և՛ դոնորների վարքագծի վրա». Ատոմ Մարգարյան
«Այս բյուջեն հեղափոխական չես համարի. եկամտային և ծախսային մասին փոփոխությունները 10-12%-ի սահմաններում են»,- 168.am-ի հետ զրույցում 2019թ. բյուջեի մասին նման կարծիք հայտնեց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
«Դեֆիցիտը մի քիչ կրճատվել է, կայունության պահանջն էլ ավելի է մեծացել, նկատի ունեմ՝ դեֆիցիտը 2.24 % կամ 151.6 մլրդ դրամ, բավականին զգուշավոր բնույթ է հաղորդում բյուջեին՝ հաշվի առնելով ընթացիկ քաղաքական, տնտեսական ռիսկերը, այս տարվա միտումները, հաջորդ տարվա արտահերթ ընտրություններից ակնկալվող ռիսկերը, դրա ելքի հետ կապված անորոշությունները։ Մյուս ռիսկերը կապված են ժառանգված խնդիրների հետ, մասնավորապես՝ պետական ծախսերի այն հատվածին, որը վերաբերում է արտաքին պարտքի սպասարկմանը, որը, փաստորեն, աճելու է, և բացարձակ առումով մոտ 330 մլն դոլարի է հասնում, այս տարի 260 մլն դոլարի կարգի է»,- ասաց տնտեսագետը։
2019թ. բյուջեի ռազմական ծախսերի որոշակի աճը, ըստ տնտեսագետի՝ պայմանավորված է արցախյան խնդրի ներկա դրվածքով և ռազմաքաղաքական իրավիճակով։ «Սոցիալական բլոկի ծախսերի մասով բյուջեի ծախսերի կեսից մի քիչ պակասը՝ 44%-ը, փաստորեն, շարունակում է բյուջեի այս տարվա միտումները։ Այն, որ սոցիալական ծախսերի բավականին զուսպ սցենար է՝ աճի առումով, դա էլ է հասկանալի, որովհետև հակակոռուպցիոն, հակաստվերային փոփոխությունները կամ սցենարը դեռևս պետք է ամփոփվի, գնահատականներ տրվեն, ստվերը պետք է երևակվի և այդ գործոնի հաշվին, միգուցե, հաջորդ տարվա ընթացքում որոշակիորեն վերանայվեն բյուջեի թե՛ եկամտային, թե՛ ծախսային հոդվածները՝ սոցիալական ուղղվածության իմաստով»,- նշեց նա։
Տնտեսագետն ընդգծեց՝ զուտ տեխնիկական իմաստով առաջին անգամ բյուջեն ծրագրային բյուջետավորման վրա է խարսխված.
«Այդ սկզբունքը նշանակում է, որ բոլոր ծախսերը պետք է ծրագրերի տակ լինեն, ծրագրերն էլ պետք է հիմնավորված լինեն կատարողականության և էֆեկտիվության տեսանկյունից, լինեն որոշակիորեն չափելի ցուցանիշներով գնահատվող, և այս իմաստով անարդյունավետությունը որոշակիորեն կարող է կրճատվել։ Հասկանալի է, այս տարվա բյուջեի մեջ նախկինից եկած որոշակի նեգատիվներ կան, մասնավորապես՝ գնումների համակարգով պայմանավորված, բայց այս 4-5 ամսվա ընթացքում եղած փոփոխությունները, նկատի ունեմ՝ ատկատների բացառում, գնումների քիչ թե շատ մրցակցային սկզբունքներով իրականացում, տնտեսումներ, այս ամենը նախագծում չի երևում, բայց կարծում եմ՝ դրանք ժամանակի ընթացքում պետք է որոշակի ճշգրտումների հանգեցնեն։ Մյուսը կապված է այն սպասումների հետ, որոնք պետք է բխեն հարկային օրենսդրության փոփոխություններից, այդ տարբերակներն առաջարկվել են, և դրանց հիման վրա, կարծում եմ, մինչև վերջնական տարբերակների ընտրությունը պետք է արտացոլվի 2019-ի բյուջեի համապատասխան հարկային մուտքերի կամ առաջնահերթությունների մեջ»։
Ընդհանուր առմամբ, տնտեսագետը 2019-ի բյուջեն բնութագրեց՝ որպես իրատեսական և զուսպ բյուջե՝ ծախսերի տեսանկյունից, եկամուտների տեսանկյունից, որոշ իմաստով՝ ագրեսիվ և ամբողջության մեջ կատարելի բյուջե.
«Այն բեռը կամ այն հավակնությունը, որով պետության ընդհանուր եկամուտից ծրագրվում է տանել բյուջե և վերաբաշխել, հիմնականում թելադրված է երկրի ընդհանուր զարգացման առաջնահերթություններով։ Ինչպիսին կլինեն այդ առաջնահերթությունները, դրանք քաղաքական պրոցեսի ածանցյալ են։ Հնարավոր է՝ հաջորդ տարվա ընթացքում որոշակիորեն վերանայվի բյուջեն, և նոր շեշտադրումներ երևան՝ պայմանավորված քաղաքական իրավիճակի կամ կոնֆլիկտի հանգուցալուծմամբ։ Այսինքն՝ երբ և՛ խորհրդարանը կունենա կայուն մեծամասնություն, և՛ կառավարությունը կլինի այդ կայուն մեծամասնության կառավարությունը։ Այսօր մենք փաստացի ունենք երկիշխանություն, ունենք իրավիճակ, երբ խորհրդարանն աշխատում է պարանն իր կողմը ձգել, գործադիր իշխանությունը բացարձակ վստահություն ունեցող համակարգ է, բայց որը, ինչպես տեսնում ենք վերջին օրերի զարգացումներից, չի վայելում խորհրդարանական մեծամասնության աջակցությունը։ Սա խնդիր է, որն ազդում է և՛ հարկային դաշտի, և՛ երկարաժամկետ ծրագրերի, և՛ դոնորների վարքագծի վրա, և ի վերջո, այն վարկային ռեսուրսները, որ շարունակելու է ներգրավել ՀՀ-ն, պետք է նպատակային և արդյունավետ ձևով ծախսվեն»։
Այնպես որ, ըստ Ատոմ Մարգարյանի՝ այս ամենը համալիր խնդիր է, և բյուջետային կանխատեսումների երկու սցենար կարելի է կանխատեսել՝ լավատեսական և հոռետեսական.
«Եթե այդ կնոֆլիկտը, որի մասին խոսեցի, հանգուցալուծվի առանց ցնցումների, բախումների, և քաղաքական տրանսակցիոն ծախսերի ճնշումը ցածր լինի տնտեսության վրա, բյուջեն կգնա վերընթաց կորագծով, եկամտային մասով, հետևաբար, ծախսերն էլ կլինեն շատ ավելին, քան ներկա այս թվերով կանխատեսումներն են»։
Հարցին՝ հատկապես քննադատվում է այդ բյուջե սոցիալական բաղադրիչը, մասնավորապես նշվում է, որ կառավարությունը չի կատարում թոշակների և աշխատավարձերի բարձրացման մասով տված խոստումները, որքանո՞վ են տեղին այդ քննադատությունները, նա այսպես պատասխանեց.
«Այդ քննադատությունները մասամբ տեղին են, մարդիկ ինչ-որ տեղ չափազանցված սպասումներ ունեն այս փոփոխություններից, և, բնականաբար, իրենց դրամապանակի պարունակության տեսանկյունից են նայում խնդրին։ Բայց բոլոր դեպքերում, իրավիճակն այնպիսին է, որ ծախսային առաջնահերթությունների մասով դեռ ճշգրտելու և բացահայտելու խնդիր կա։ Նաև, եթե հասցեական նայենք, ենթադրենք՝ կենսաթոշակների կամ բյուջետային աշխատավարձերի մասով էական աճ չենք տեսնում, բայց նաև տնտեսական աճի մասով էլ բավական զուսպ կանխատեսում է արվում՝ 4.9%, այնինչ, միջնաժամկետ ծախսերի ծրագրի առումով 5.3% է, այսինքն՝ ինչ-որ տեղ այս մասով բավականին գերզգուշավոր վարքագիծ է դրսևորել կառավարությունը, և դա էլ ինչ-որ տեղ հասկանալի է, պայմանավորված է քաղաքական ռիսկերով։ Սա է իրավիճակը։ Բոլոր դեպքերում դա չի նշանակում, որ հնարավորություններ չկան սոցիալական ծախսերն ավելացնելու, պարզապես պետք է շատ ծանրութեթև անելու քննարկումներով անցնի, և նրանք, ովքեր քննադատում են, պետք է ցույց տան այն աղբյուրները, հավելյալ հնարավորությունները, որոնց հաշվին հնարավոր է ավելացնել սոցիալական տրանսֆերտներն ու աշխատավարձերը»։