Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը վկայում է պետական համակարգի կայունության մասին. ԱԳ փոխնախարար

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում ցույց է տալիս, որ չնայած քաղաքական փոփոխություններին, կայունությունը պահպանվել է, պետական համակարգը գործել է անխափան:  

ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը նման տեսակետ հայտնեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին:

Ֆարմանյանը նշեց՝ երկկողմ հարաբերությունների ձևաչափը, ծանրակշիռ  պետության ղեկավարի այցը կարևոր տեղեկատվական առիթ են գագաթնաժողովի շրջանակում, սակայն նա հետաքրքրվեց նաև ակնկալվող ձեռքբերումներով:

«Կարող եմ ասել, որ կարևոր փուլ է Հայաստանի համար՝ հաշվի առնելով նաև վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները մեզ մոտ: Շատ կարևոր է, որ Հայաստանն այժմ վերահարաբերվում է արտաքին բարեկամ և գործընկերների հետ: Եվ այս կոնտեքստում կարևոր է, որ մենք վերստին ծանոթանանք մեր գործընկերների հետ, և սրան են միտված լինելու երկկողմ հանդիպումները: Սա ցույց է տալիս, որ ՀՀ-ում, չնայած քաղաքական փոփոխություններին, կայունությունը պահպանվել է, Հայաստանի պետական համակարգը գործել է անխափան: Հայաստանի քաղաքական համակարգը բավական կայացած է, որպեսզի այսպիսի մասշտաբի միջոցառումը տեղի ունենա և լինի պատշաճ կազմակերպված»,-ասաց Ռուբինյանը:

Փոխնախարարը նշեց նաև՝ ժամանելու են բազմաթիվ պետությունների, կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, այդ թվում՝ այնպիսի պետությունների, ինչպիսիք են Ֆրանսիան, Կանադան: Ռուբինյանը գագաթնաժողովը նաև յուրահատուկ հնարավորություն համարեց Հայաստանի համար աֆրիկյան պետությունների հետ կապերը խթանելու: «Դրանցից շատերի հետ այլ հարթակներում կապի հնարավորությունները սահմանափակված են: Այսպիսի մասշտաբի միջոցառման անցկացումը միանշանակ կմեծացնի Հայաստանի միջազգային հեղինակությունը»-եզրափակեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս