Չուգասզյանը «Սասնա ծռեր» խմբի անդամներին պետական գործիչներ է համարում
Վերջերս ձևավորված «Սասնա ծռեր» կուսակցությունը կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Կուսակցության հիմնադիրների կարծիքով՝ այդ ընտրություներով Հայաստանի ներքին քաղաքական դաշտը կվերաֆորմատավորվի։
«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի խոսքով՝ Հայաստանում գոյություն չուներ ժողովրդավար քաղաքական դաշտ, այլ գործում էր միայն ավտորիտար, անհատապաշտական համակարգ, որն էլ ուներ դեկորատիվ, բազմակուսակցական տեսք։
«Այսօր կարելի է ասել, որ 30 տարիների հեռավորությամբ մենք մտնում ենք երկրորդ փուլ, երբ Հայաստանի պետականաշինությունն իրական հնարավորություն է ստանում ձևավորելու նոր խորհրդարան, նոր ժողովրդավարական համակարգ, որի կուսակցության ձևակազմը նախորդ 30 տարիների հետ որակապես այլ է լինելու։ Սա այն հնարավորությունն է, որը կապված է ոչ միայն Հայաստանի, այլև հետխորհրդային ողջ տարածքի այն փոփոխությունների ալիքի հետ, որը, բարեբախտաբար, Հայաստանում ավելի շուտ սկսվեց»,- նշեց Գ. Չուգասզյանը։
Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցությանը, Գարեգին Չուգասզյանը փաստեց, որ իրենք կուսակցաշինությունը դիտում են՝ որպես պետականաշինության անհրաժեշտության ավելի մեծ մաս։
Նրա բնորոշմամբ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներից որևէ մեկն իր էությամբ կուսակցական չէ։ Չուգասզյանն իրենց անվանեց «պետական գործիչներ», և ասաց՝ տեսնելով, որ քաղաքական դաշտ ձևավորելու համար այլ հնարավորություններ չկան, քան կուսակցություններ հիմնելը՝ որոշել են ունենալ կուսակցություն։
«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ Հայաստանի քաղաքական դաշտում ամենամեծ խնդիրներից մեկը միակուսակցական համակարգից հրաժարվելն է։ Լինելով ավագ սերնդի ներկայացուցիչ, մենք շատ լավ հիշում ենք այն սխալները, որոնք տեղի ունեցան առաջին ժողովրդավարական հեղափոխություն շարժումից հետո, երբ ՀՀՇ-ն իշխանություն ստացավ։ Այդ ընթացքում ձևավորվեց պետականաշինության շինհրապարակ, որտեղ վերահսկողություն չկար, ինչն էլ հանգեցրեց թալանի, և շատ ազնիվ մարդիկ շրջապատվեցին բյուրոկրատական ապարատով և խեղդվեցին այդ ճահիճում։
Այս խնդիրը նկատի ունենալով՝ պետք է փորձենք մտածել, թե ինչ ձևակազմ է անհրաժեշտ այսօրվա կուսակցություններին։ Հաշվի առնելով հոկտեմբերի 2-ի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունները, տեսնում ենք, որ փորձ է արվում, կարելի է ասել, օլիգարխիկ շրջանակների կողմից, ստեղծել երևութականություն, թե իբրև միակուսակցականության դեմ կարող է առնել օլիգարխիան։ Սա մեծագույն նենգություն է, քանի որ այդ օլիգարխիկ ուժերն իրենցից ներկայացնում են 5-րդ շարասյուն, որն այս տարիների ընթացքում կեղեքել է երկիրը, և նրանց հետ բանակցություններ վարելու փոխարեն՝ պետք է դիտարկել՝ որպես հանցագործներ։ Այս հարցում մեր դիրքորոշումը շատ հստակ է, մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ օլիգարխիկ ուժերը ներկայություն չունենան գալիք խորհրդարանում»,- շեշտեց Գարեգին Չուգասզյանը։
«Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանն իր հերթին նշեց՝ մտահոգիչ և տարակուսելի է, որ հեղափոխության հիմնական առանձնահատկությունը՝ հեղափոխությունն է՝ առանց հեղափոխության տրամաբանության, այլ կերպ՝ հակահեղափոխության տրամաբանությամբ։
«Որքանով հայտնի է, այսպիսի երևույթ պատմության մեջ չենք տեսել։ Սա կարծես յուրահատուկ ֆենոմեն է, և մենք բոլորս միասին պետք է կարողանանք որոշել, թե ինչ ենք անելու։ Հեղափոխությունը և ցանկացած երևույթ պետք է ունենա իրեն բնորոշ տրամաբանություն և շարժվի այդ տրամաբանությամբ։ Նախ պետք է սահմանվի անցումային շրջան, որոշակի ժամանակահատված, որի ընթացքում պետք է մաքրվի քաղաքական դաշտը, և սևերը հեռանան, իսկ մնացյալ ուժերը՝ սպիտակները, դրսևորվեն։ Եթե մենք պատկերացնում ենք, որ ապագա խորհրդարանը պետք է լինի սևերի և սպիտակների ամբողջություն, ապա լուրջ մտահոգություն պետք է հայտնենք, որ բնության մեջ սևերի և սպիտակների հանրագումարը գորշությունն է, իսկ մենք չեն ուզում գորշություն»,- ասաց Վ. Ավետիսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։
Զվարթ Խաչատրյան