«Դեկտեմբերին ընտրությունների դեպքում Ն. Փաշինյանն ընդդիմություն կնշանակի իր «Լուսավոր Հայաստանին», «Հանրապետությանը» կամ ինչ-որ մի նորահայտ ուժի». Աղասի Ենոքյան. tert.am
Քաղաքագետ Աղասի Ենոսյանը tert.am-ում գրում է. «Նիկոլ Փաշինյանը որոշել է ամեն գնով Ազգային Ժողովը շուտափույթ լուծարել և անցկացնել արտահերթ ընտրությունները դեկտեմբերին։ Դրա համար նա ձեռնարկել էր բանակցություններ քաղաքական ուժերի հետ, սակայն միաժամանակ ենթադրում էր հրապարակը լցնել ԱԺ նիստերի դահլիճ և խոչընդոտել նիստերը և դրանով հասնել լուծարման։
ԱԺ երեք կուսակցություններն այդ սցենարը կանխելու համար ընդունեցին հայտնի օրինագիծը, որը նրանց կապահովագրեր ամբոխին զոհ դառնալուց և կերաշխավորեր բանակցությունների ընթացքը։ Այս քայլերը մակածեցին քաղաքական ճգնաժամ, որի պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանը դնում է ԱԺ ընդունած որոշման վրա։ Այս տրամաբանությամբ ստացվում է, որ խորհրդարանը չուներ իր գոյությունը պաշտպանելու և նախօրոք համաձայնեցված գրաֆիկով մահանալու իրավունք, պահանջվում էր, որ նա հենց տեղում մահանա և, ըստ այդմ, էլ մեղավոր էր, որ չգնաց հանկարծամահության սցենարով։
Ազգային ժողովի շուտափույթ լուծարման իրական պատճառները դեռևս անհայտ են։ Բացի արդեն ներդրումների վերաբերյալ չեղարկված պատճառից, կարելի է ենթադրել նաև անվտանգության հետ կապված առիթներ, որոնք վարչապետը, Հայաստանի անվտանգության նկատառումներից ելնելով, չի ցանկանում բացահայտել։
Սակայն դեկտեմբերին արտահերթ ընտրություն անցկացնելու որոշումն էապես վտանգելու է հակակշիռների մեխանիզմը Հայաստանում և դրանով իսկ սպառնալիք է դառնում քաղաքական անվտանգությանը։ Առանց այն էլ թույլ կուսակցական համակարգ ունեցող երկրում այն ամբողջապես կվերացնի բազմակուսակցական համակարգը և կհաստատի ՔՊ մենաշնորհը։ Քաղաքական ուժերը պատրաստվում էին մայիսին հայտարարված ընտրություններին և հիմա բացարձակ անպատրաստ են դեկտեմբերյանին։ Բացի խորհրդարանական ուժերից, որոնք հանրահավաքներով և մեդիայի ջանքերով ծայրահեղ վարկաբեկվեցին և այժմ չեն էլ կարող մտածել ընտրություններում որևէ հաջողության մասին, կային նաև բազմաթիվ արտախորհրդարանական ուժեր, որոնք, մայիսը որպես նշանակետ ունենալով, մանրամասն նախընտրական քայլեր էին մշակում։
Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն անընդհատ մի գործոն են ներկայացնում՝ հիմա ՔՊ-ն ունի շատ բարձր վարկանիշ, ամենալայն ժողովրդական աջակցություն, ուրեմն պետք է ընտրությունն անցկացնել հենց հիմա։ Այսինքն, պետք է օգտվել տվյալ պահին ունեցած բարձր ժողովրդականությունից։
Այստեղից հասկանալի է դառնում, որ նրանք վստահ չեն՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մայիսին կունենա այդքան բարձր ժողովրդականություն, և պետք է օգտագործել ներկա բարենպաստ պահը։ Ավելի պարզ ասած՝ Փաշինյանի այս պաշտպանները վստահ չեն նրա կառավարության աշխատունակության և արդյունավետության վրա»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: