Բաժիններ՝

Փարիզի «Հաշմանդամների պալատից» Ազնավուրի մարմինը դուրս բերվեց չդադարող ծափերի ներքո

Այս  րոպեներին Փարիզում տեղի է ունենում ֆրանսիական շանսոնի մեծ վարպետի, մեր ժամանակների մեծագույն հայի՝ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հոգեհանգիստը։

Հոգեհանգստյան արարողությանը ներկա են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Նիկոլա Սարկոզին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, երկու երկրների այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, մշակույթի գործիչներ, Ազնավուր ընտանիքի ներկայացուցիչներ, մեծ արվեստագետի ընկերները՝ Ժան Պոլ Բելմոնդոն, Լևոն Սայանը, այլք։

Փարիզի «Հաշմանդամների պալատ» Ազնավուրի մարմինը բերվեց Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական դրոշների, ինչպես նաև «Դլե յամանի» հնչյունների ներքո՝ դուդուկի կենդանի կատարմամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հիշատակի խոսքում կարևորեց այն հսկայական դերը, որ Շառլ Ազնավուրն ունեցել է Հայաստանի ներքին կյանքում, Հայաստանը համայն աշխարհի համար ներկայանալի դարձնելու, այն հզորացնելու գործում, ու խոստացավ Հայաստանը դարձնել այնքան երջանիկ ու ազատ, որքան ուզում էր Շառլ Ազնավուրը։

Հաջորդիվ Ֆրանսիայի ժողովրդի ու իր անունից Շառլ Ազնավուրի հիշատակին իր երախտիքի ու գնահատանքի խոսքը հղեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ապա նախագահ Մակրոնը Ֆրանսիայի ազգային օրհներգի հնչյունների ուղեկցությամբ իր խոնարհումը բերեց  Շառլ Ազնավուրին։

Փարիզի «Հաշմանդամների պալատից» Ազնավուրի մարմինը դուրս բերվեց չդադարող ծափերի ներքո։

ԼՈՒՍԻՆԵ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս