«Նա հրեշտակի դեմք ունի, դուք կարող եք տեսնել, որ նա նման է փոքրիկ հրեշտակի…, բայց նա սատանա է». Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հոկտեմբերի 4-ին իր կոլումբիացի պաշտոնակից Իվան Դուկեին «սատանա» է անվանել, որը գործում է որպես Վաշինգտոնի ծառա: Համապատասխան հայտարարությունը նա արել Կարակասում նոր բնակելի շենքի հանձնման ժամանակ։
«Նա (Դուկեն) հրեշտակի դեմք ունի, դուք կարող եք տեսնել, որ նա նման է փոքրիկ հրեշտակի…, բայց նա սատանա է, որն ատում է Վենեսուելան եւ ամեն օր դավադրություն է նյութում մեր երկրի դեմ, մեր զինված ուժերի դեմ»,- հայտարարել է Մադուրոն, որի խոսքը մեջբերում է EFE գործակալությունը: Վերջին տարիներին Վենեսուելան սոցիալ-տնտեսական սուր ճգնաժամ է ապրում, որն ուղեկցվում է հիպերգնաճով, ազգային արժույթի արժեզրկմամբ եւ առաջին անհրաժեշտության ապրանքների ու դեղորայքի դեֆիցիտով: Ծանր իրադրությունը բազմաթիվ վենեսուելացիների հարկադրում է լքել հայրենիքը:
Նրանք մեկնում են հիմնականում Կոլումբիա, Էկվադոր, Պերու եւ Բրազիլիա: Մինչդեռ Վենեսուելայի իշխանությունները ժխտում են հումանիտար ճգնաժամի առկայությունը երկրում: Հանրապետության փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի կարծիքով՝ խոսքը «բնականոն միգրացիոն հոսքերի» մասին է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: