
Օպերայի և բալետի թատրոնը նոր թատերաշրջանը կբացի Մասնեի «Մանոն» ներկայացմամբ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նոր թատերաշրջանը կբացի Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերային ներկայացմամբ: Այս մասին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցած երեկոյի ժամանակ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:
Այ տարվա սեպտեմբերի 6-15-ը թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Դուբայի օպերային թատրոնում: Ներկայացվել են Մոցարտի «Կախարդական սրինգ» և Ժորժ Բիզեի «Կարմեն» հանրահայտ օպերաների պրեմիերաները:
Կոնստանտին Օրբելյանի հավաստմամբ՝ հանդիսատեսը մեծ խանդավառությամբ է ընդունել հայ արտիստների ելույթները, որոնք, Դուբայի թատրոնի տնօրինության խոսքով, արժանի են բարձր գնահատականի։
«Մեր թիմը կազմված է 200 հոգուց, և յուրաքանչյուրս փորձել ենք հնարավորինս լավ ներկայանալ: Դա իսկապես բացառիկ իրադարձություն էր, որով նոր էջ է բացվում մեր թատրոնի պատմության մեջ: Դուբայում ելույթ են ունեցել այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Հովհաննես Այվազյանը, Սարգիս Աղամալյան, Մերի Մովսեսյանը, Հայկ Տիգրանյանը, Կարինե Բաբաջանյանը և ուրիշներ»,- նշեց Կոնստանտին Օրբելյանը:
«Կախարդական սրինգ» օպերան ներկայացվել է նաև Քուվեյթում` երկրի օպերային թատրոնի բացման շրջանակում, և եղել է առաջին ներկայացումը Քուվեյթի ողջ պատմության ընթացքում: