«Չնայած Հայաստանի դիրքորոշմանը` Ադրբեջանն անուղղակի կերպով մասնակցում է ՀԱՊԿ-ում որոշումների կայացմանը». Եվսեև

«ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցն այդքան էլ կրիտիկական չպետք է դիտարկվի Հայաստանում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Ադրբեջանի` ՀԱՊԿ-ում կարգավիճակ ստանալու հեռանկարի հնարավորությանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը՝ դիտորդի կամ որևէ այլ կարգավիճակով, ասել էր, որ նման որևէ պաշտոնական գործընթաց չկա:

«Այդ մասին կան հրապարակումներ, խոսակցություններ, և սրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը շատ հստակ է։ Ես այդ դիրքորոշումը մի քանի անգամ հրապարակել եմ։ Դուք գիտեք, որ նման հարցերը լուծվում են կոնսենսուսով, և, բնականաբար, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում, ստեղծված հարաբերությունների պայմաններում անիմաստ է նույնիսկ այդ հարցի վերաբերյալ խոսելը, որովհետև Հայաստանը երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ռազմաքաղաքական մեր հիմնական կազմակերպության անդամ կամ թեկուզ դիտորդ»,- նշել է վարչապետը:

Վլադիմիր Եվսեևը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է այս թեման ակտիվորեն շրջանառվում ռուսական մամուլում, եթե հայկական կողմը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը՝ դրանով իսկ անհնար դարձնելով Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ում որևէ տեսակի կարգավիճակ ստանալու գործընթացը, ասաց, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսային սկզբունքով:

«Չեմ պատկերացնում, որ Ադրբեջանը կարողանա ստանալ դիտորդի կարգավիճակ, եթե Հայաստանը կամ որևէ այլ երկիր դեմ լինի դրան: Եթե Հայաստանը չփոխի իր դիրքորոշումը, դա, ամենայն հավանականությամբ, հնարավոր չի լինի: Մյուս կողմից՝ չէի գերագնահատի Ադրբեջանի ՀԱՊԿ անդամակցության կամ դիտորդի կարգավիճակ ստանալու հեռանկարի սպառնալիքը, քանի որ, օրինակ, դիտորդի կարգավիճակը թույլ չի տա Ադրբեջանին մսանակցել որոշումների կայացմանը: Մյուս կողմից՝ բավականին երկար ժամանակ է, ինչ ադրբեջանական դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտությունում ակտիվորեն առաջ է մղում Ղազախստանը: Այսինքն` չլինելով ՀԱՊԿ-ում դիտորդ, Ադրբեջանն իր շահերն առաջ է մղում: Ուստի, ըստ իս, դիտորդի կարգավիճակ ստանալու հարցն այդքան էլ կրիտիկական չպետք է դիտարկվի Հայաստանում, քանի որ անուղղակի կերպով Ղազախստանի միջոցով Ադրբեջանը մասնակցում է ՀԱՊԿ-ում որոշումների կայացմանը՝ չնայած Հայաստանի դիրքորոշմանը»,- նշեց Եվսեևը:

Ռուս ռազմական փորձագետն ասաց, որ իրեն հայտնի չէ, թե արդյոք կա՞ նման հարց նոյեմբերին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի օրակարգում, թե՞ ոչ:

Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ իր համար պարզ չէ այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումը, քանի որ դիրքորոշում չի հայտնվել պաշտոնապես:

«Բայց պետք է նշել, որ՝ անկախ այս հարցից և Հայաստանի դիրքորոշումը հաշվի առնելուց, Հայաստանի և Ռուսաստանի ամենաբարձր ղեկավարությունների միջև վստահության մակարդակն է էականորեն իջել, դեռ կան հարցեր, որոնց շուրջ չկա փոխըմբռնում, թեև ղեկավարները հաճախակի հանդիպում են և զրուցում: Ուստի վստահության ներկայիս մակարդակի պայմաններում՝ չեմ կարող ասել, թե որքանով Հայաստանի դիրքորոշումը կստանա Ռուսաստանի աջակցությունը: Անկախ դրանից՝ որոշումների կայացման համար անհրաժեշտ է կոնսենսուս»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս