
Նոր համաձայնագիր. UNICEF-ը «Հայաստան» հիմնադրամին կտրամադրի 120 հազար դոլար

Արգենտինայում ՀՀ դեսպանությունում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Արգենտինայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /UNICEF/ գրասենյակի եւ Բուենոս Այրեսի «Հայաստան» Համահայկական հիմնադրամի միջեւ համագործակցության ծրագրի ստորագրման արարողությունը, որով ազդարարվեց «Matching projects» ծրագրի մեկնարկը:
Համաձայն կնքված համաձայնագրի` 2018թ. համար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Հայաստանի մասնաճյուղին կտրամադրի 120 000 ԱՄՆ դոլար` 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետեւանքով դեռեւս չհաղթահարված խնդիրների լուծման նպատակով:
Վերոնշյալ համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ Արգենտինայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ Բուենոս Այրեսի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից համատեղ միջոցների հանգանակություն եւ տարբեր ծրագրերի իրականացում Հայաստանում եւ Արգենտինայում: