«Կներեք, իմ կարծիքով, ձեր մեկնաբանությունները մի քիչ աբսուրդ են». Նիկոլ Փաշինյանը՝ Մխիթար Հայրապետյանին

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ հոկտեմբերի 11-ը 12-ը ոչ աշխատանքային օրեր սահմանելու հարցով կառավարությունն Ազգային ժողովին առաջարկեց վաղը արտահերթ նիստ հրավիրել։

ՀՀ վարչապետը նշեց, որ անհրաժեշտ է որոշակի օրենսդրական փոփոխություն։ «Քանի որ գագաթնաժողովի ծավալները շատ մեծ են, եզրակացությունն այն է, այդ թվում՝ ոստիկանության, որ շատ ավելի ճիշտ կլինի, որ այդ 2 օրը հայտարարվի ոչ աշխատանքային, մենք այդ ուղղությամբ կգնանք»,- ասաց Ն.Փաշինյանը՝ միաժամանակ որոշակի դժգոհություն հայտնելով օրենքում փոփոխության ձևակերպունից, որ 4 և ավելի նախագահների այցելության դեպքում է կառավարությունը լիազորված լինելու աշխատանքային օր տեղափոխել:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ կառավարությանը լիազորվելու է ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել:

«Ենթադրենք երկրների ղեկավարներ չեն այցելում, այլ պատանեկան օլիմպիադա է կազմակերպվում: Պետք է այնպիսի ձևակերպում գտնել, որ ամեն անգամ անհրաժեշտություն չառաջանա օրենքում փոփոխություն կատարելու: Իմաստը պետք է լինի այն, որ պետության և հանրային կյանքի բացառիկ նշանակություն ունեցող իրադարձությունների կապակցությամբ»,- ասաց վարչապետը՝ հարցադրում անելով, թե ո՞ր կառավարությունն է նստում ու մտածում, որ աշխատանքային օր տեղափոխի:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը,ԿԳ և սփյուռքի նախարարները պաշտպանեցին օրենքում արդեն տեղ գտած ձևակերպումը:

«Շատ սուբյեկտիվ է ձեր ասածը, պետք է սահմանումը տանք»,- վարչապետին դիմեց Մխիթար Հայրապետյանը:

«Կներեք, իմ կարծիքով, ձեր մեկնաբանությունները մի քիչ աբսուրդ են,- հակադարձեց Ն.Փաշինյանը,- Այս խնդիրը հասել է վերջին օրերին, ինչի՞ պիտի կառավարությունը մտածի, որ աշխատանքային օր փոխի»:

Նա պնդեց, որ պետք է այնպիսի ձևակերպում տրվի, որ ամեն անգամ նույն խնդիրը չառաջանա.

«Կառավարությունը նույնպիսի մարմին է, ինչպես Ազգային ժողովը: Այսինքն՝ կառավարությունը ժողովրդին ներկայացնող մարմին է, եթե անտրամաբանական բաներ կանի, կդադարի կառավարություն լինել»:

Տեսանյութեր

Լրահոս