Բաժիններ՝

Microsoft-ում տեղի է ունեցել Surface շարքի նոր սարքերի շնորհանդեսը

Microsoft-ը ներկայացրել է Surface շարքի նոր սարքերը՝ Surface Pro 6 պլանշետը, Surface Laptop 2 նոութբուքը, սենսորային էկրանով Surface Studio 2 մոնոբլոկը եւ Surface Headphones ականջակալները: Այդ մասին հաղորդվում է կորպորացիայի բլոգում:

Նաեւ հայտարարվել է Windows 10-ի նորացման թողարկման մասին:

12,3-դյույմանոց էկրանով Surface Pro 6-ը հանդերձել են Intel Core ութերորդ սերնդի պրոցեսորով, պլանշետն ստացել է8 մեգապիկսելով հիմնական խցիկ: Սարքն այժմ կարող է աշխատել մինչեւ 13,5 ժամ: Նվազագույն արժեքը կկազմի 899 դոլար: Surface Laptop 2-ը նույնպես հանդերձված է ութերորդ սերնդի Intel Core պրոցեսորով: Մշակողները մեծացրել են 13,5-դյույմանոց էկրանով նոութբուքի արտադրողականությունը, եւ այժմ այն կարող է աշխատել մինչեւ 14,5 ժամ: Դրա նախնական արժեքը կազմում է 999 դոլար:

28-դյույմանոց էկրանով Surface Studio 2 մոնոբլոկը մշակվել է որպես սարք ստեղծագործության համար, այն ամենաարագագործն է դարձել այս շարքում, նշվում է բլոգում: Ինչպես ճշտվում է, դրա արտադրողականությունն աճել է մինչեւ 50 տոկոսով: Մոնոբլոկի նվազագույն արժեքը կկազմի 3499 դոլար:

Բացի այդ, Microsoft-ը թողարկել է Surface Headphones ականջակալները՝ աղմուկը խլացնող գործառույթով: Նաեւ մշակողները նախատեսել են ավտոմատ դադարի օպցիա՝ դրանք գլխի վրայից հանելիս: Ականջակալների սկզբնական գինը կազմում է 349 դոլար:

Windows 10 October 2018 Update օպերացիոն համակարգի նորացված տարբերակը, ինչպես նշում են Microsoft-ում, օգտատերերին թույլ կտա «աննկատ կերպով մեկ սարքից մյուսն անցնել եւ հաղթահարել խզումը iOS եւ Android բազայի վրա աշխատող սարքերի եւ անհատական համակարգիչների միջեւ:

Նաեւ մշակողները գործարկել են Intelligent Security Graph կորպորատիվ մակարդակի համակարգը եւ մեքենայական ուսուցման տեխնոլոգիան՝ անձնական տեղեկատվության անվտանգության ապահովման համար: Դրա համար Family Safety-ի գործառույթները միացվել են Microsoft Launcher-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս