«ՀՀ գործադիր իշխանությունն անհասկանալիորեն շտապում է, ստեղծվել է պատային իրավիճակ». Աղասի Ենոքյան
«Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի հաստատումը ԱԺ-ի նկատմամբ ճնշումները բացառելու նպատակով էր»,- քիչ առաջ այս մասին մեզ հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով վերջին ժամերի ներքաղաքական զարգացումներին:
Աղասի Ենոքյանի կարծիքով, ՀՀ գործադիր իշխանությունն անհասկանալիորեն շտապում է: Ըստ նրա, անհասկանալի էր նաև քաղաքական ուժերի հետ բանակցություններն այս փուլում ընդհատելն ու խորհրդարանի նկատմամբ ճնշման ակցիաներ սկսելը:
«Ըստ իս, իշխանությունը սա անում է այն պատճառով, որ չունի զարգացման հեռանկարային ծրագիր, ուստի ցանկանում է պարզապես հեղափոխականությունը շարունակել: Այն բոլոր տեսակի ենթադրությունները, թե կան գործարարներ, որոնք սպասում են, որպեսզի ԱԺ-ն ցրվի և գործունեություն ծավալեն Հայաստանում, կարծում եմ, այդ գործարարները ստում են մեր իշխանություններին` Կառավարությանը, քանի որ ակնհայտ է, որ ԱԺ-ի ցրվելուց հետո սկսվելու է անկայունության շատ լուրջ ալիք, որի ժամանակ ոչ մի ներդրող չի գա և գումարներ չի ներդնի Հայաստանում: Կարծես թե դա միակ բացատրությունն է, թե ինչու են իշխանությունները շտապում»,-ասաց վերլուծաբանը:
Ենոքյանն ասաց, որ երկրում անկայունությունը խորանալու է ներկայիս զարգացումների շարունակականության դեպքում, որովհետև ԱԺ-ի նախագահը չի կարող ինքնալուծարման մասին փաստաթուղթ ստորագրել, պարզապես այդպիսի մեխանիզմ գոյություն չունի ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ նախագահը չի կարող ինչ-որ օրենք ստորագրել նոր արտահերթ ընտրությունների մասին, քանի որ այդ պաշտոնյաները սահմանադրական կարգը կոպտորեն կխախտեն: «Այսինքն` այնպիսի պատային իրավիճակ է ստեղծվել, որը որ միայն բերելու է լարվածության աճի»,-ասաց Ենոքյանը:
Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի հաստատմանն անդրադառնալով` Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենն ասաց, որ նախագիծն ընդունվեց ԱԺ-ի նկատմամբ ճնշումները բացառելու համար, որովհետև ճնշումները կարող էին բերել այն իրավիճակին, որ կընդհատվեր ԱԺ նիստը:
«Եթե Փաշինյանը ցանկանում է բանակցություններով լուծել խնդիրը, ապա նա կարող է շարունակել բանակցություններով առաջ շարժվել: Կարծում եմ, որ ԱԺ-ում ընդունված նախագիծը ճնշումները բացառելու համար էր: Ճնշումներն ինքնին հակասահմանադրական են, որովհետև ԱԺ-ն ու ու Կառավարությունը միմյանցից անկախ իշխանության տարբեր ճյուղեր են»,-ասաց նա: