Իսպանիայի վարչապետը կոչ է արել Կատալոնիայի ղեկավարին չվտանգել տարածաշրջանի իրադրության նորմալացումը
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան պարտավոր է կատարել իր պարտականությունները եւ չբարդացնել տարածաշրջանի իրադրությունը: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:
«Կատալոնական քաղաքականությունը պետք է վերադառնա խորհրդարան»,- գրել է Սանչեսը Twitter-ում: Նրա խոսքով՝ «Տոռան պետք է կատարի իր պարտականությունները եւ վտանգի չենթարկի քաղաքական նորմալացումը՝ խրախուսելով բողոքների՝ արմատականորեն տրամադրված մասնակիցներին՝ պաշարելու այն հաստատությունները, որոնք ներկայացնում են բոլոր կատալոնացիներին»: «Բռնությունը ելք չէ»,- ընդգծել է վարչապետը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Կատալոնիայի ոստիկանության շուրջ 30 աշխատակիցներ են տուժել հոկտեմբերի 1-ին Բարսելոնայում բողոքի ակցիաների մասնակիցների գործողությունների հետեւանքով: Բողոքի ակցիաներն անցկացվել են տարածաշրջանի անկախության հանրաքվեի առաջին տարեդարձի առթիվ: Ցույցերին մասնակցել են Իսպանիայի կազմից ինքնավարության դուրս գալու կողմնակիցները:
Երեկոյան Բարսելոնայում երթ է անցկացվել հաջակցություն հանրահարցման արդյունքների, որին մասնակցել է մոտավորապես 180 հազար մարդ: Ակցիան ավարտվել է Կատալոնիայի խորհրդարանի մոտ: Այնտեղ մի խումբ բողոքավորներ կարողացել են ճեղքել ոստիկանների դիրքերը, ինչի հետեւանքով իրավակարգի պահապանների մի մասը ստիպված է եղել ցուցարարներից պատսպարվել պալատի շենքում:
Բացի այդ, հանրահավաքի մասնակցները հավկիթներ, մետաղական բանկաներ, շշեր Էին նետում իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, հրկիզում էին աղբամաններ: Բարսելոնայում գլխավոր ոստիկանական վարչության մոտ բողոքավորների գործողությունների հետեւանքով իրավապահներին հարկ է եղել ուժ կիրառել ակցիաների մասնակիցների դեմ:
2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում քվեարկություն է անցկացվել Իսպանիայի կազմից դուրս գալու շուրջ: Դրան մասնակցել են ձայնի իրավունք ունեցող 5,31 մլն կատոլոնացիներից 2,28 միլիոնը, ընդ որում՝ հանրահարցման մասնակիցների 90,18 տոկոսը հանդես է եկել անկախության օգտին: Մադրիդն ի սկզբանե այդ հանրաքվեն անօրինական էր համարում:
Հոկտեմբերի 27-ին այդ տարածաշրջանի խորհրդարանը հաստատեց հանրապետության անկախության հռչակման բանաձեւը: Ի պատասխան, Սենատը (Իսպանիայի խորհրդարանի վերին պալատը) հավանություն տվեց թագավորության Սահմանադրության 155-րդ հոդվածը գործողության մեջ դնելու Մադրիդի խնդրանքին, որն ավելի վաղ երբեք չի կիրառվել, ինչը թույլ տվեց սահմանափակել տարածաշրջանի ինքնակառավարումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: