Վարկերի և ավանդների դինամիկան՝ 2018 թվականի հուլիս-օգոստոսին
Հայաստային առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը շարունակում է աճել։ Այս մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված դրամավարկային ցուցանիշները՝ 2018 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածի համար։
Այսպես, բանկային համակարգի կողմից տրամադրված ընդհանուր վարկերի ծավալն օգոստոսի վերջի դրությամբ կազմել է 2 տրլն 975.9 մլրդ դրամ։ Համեմատության համար նշենք, որ հուլիսի վերջի դրությամբ այդ ցուցանիշը 2 տրլն 953.1 մլրդ դրամ էր, հունիսի վերջին՝ 2 տրլն 914.6 մլրդ դրամ, իսկ մարտի վերջին՝ 2 տրլն 753.9 մլրդ դրամ:
Այսինքն, վերջին երկու ամիսների ընթացքում (հուլիս, օգոստոս) ՀՀ բանկերի վարկային պորտֆելն աճել է 61.3 մլրդ դրամով։
Ինչպես տեսնում եք աղյուսակում, աճել են թե՛ ոչ ռեզիդենտներին, թե՛ ռեզիդենտներին տրամադրված վարկերը։ Այսպես, ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերը հունիսի վերջի համեմատ աճել են մոտ 14 մլրդ դրամով և կազմել 227.1 մլրդ դրամ։ Իսկ ռեզիդենտներին տրամադրված վարկերը նույն ժամանակահատվածում աճել են շուրջ 47 մլրդ դրամով և կազմել 2 տրլն 748.8 մլրդ դրամ։
Հատկանշականն այն է, որ ոչ ռեզիդենտների դեպքում, վարկավորման աճը գրանցվել է հիմնականում արտարժութային վարկերի հաշվին։ Իսկ ՀՀ ռեզիդենտների դեպքում հակառակը՝ արտարժութային վարկերը նվազել են, դրամային վարկերը՝ աճել։
Այսպես, ՀՀ ռեզիդենտներին տրամադրված դրամային վարկերը հունիսի վերջի 1 տրլն 108.2 մլրդ դրամից օգոստոսի վերջին հասել են 1 տրլն 181.5 մլրդ դրամի, աճը՝ 73.3 մլրդ դրամ։ Իսկ ռեզիդենտներին տրամադրված արտարժութային վարկերը նույն ժամանակահատվածում նվազել են 26.2 մլրդ դրամով՝ 1 տրլն 593.5 մլրդ դրամից հասնելով 1 տրլն 567.3 մլրդ դրամի։
Սրա արդյունքում, ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելի դոլարայնացման մակարդակը (արտարժութային վարկերի կշիռը ընդհանուր վարկերի մեջ) նվազել է և հունիսի վերջի 60.5%-ից օգոստոսի վերջին կազմել 58.8%։
Մեկ ուշագրավ հանգամանք ևս։ Ըստ տնտեսության հատվածների դիտարկելու դեպքում երևում է, որ ռեզիդենտների վարկային պորտֆելն աճել է հիմնականում տնային տնտեսություններին տրամադրված վարկերի հաշվին։
Այսպես, տնային տնտեսություններին տրամադրված վարկերը հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում աճել են 48.5 մլրդ դրամով և առաջին անգամ գերազանցել 1 տրլն դրամի սահմանագիծը (1 տրլն 27.4 մլրդ դրամ)։ Ընդ որում, տնային տնտեսությունների արտարժութային վարկերը նվազել են (1.2 մլրդ դրամով), և աճը տեղի է ունեցել բացառացապես դրամային վարկերի հաշվին (49.7 մլրդ դրամի աճ)։
Իսկ ոչ ֆինանսական կազմակերպություններին (բիզնեսին) տրամադրված վարկերը նույն ընթացքում նվազել են 5.3 մլրդ դրամով՝ 1 տրլն 530.2 մլրդ դրամից հասնելով 1 տրլն 524.8 մլրդ դրամի։ Այս դեպքում նույնպես՝ դրամային վարկերն աճել են 16.6 մլրդ դրամով և կազմել 320.3 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերը նվազել են մոտ 22 մլրդ դրամով։
Չնայած սրան՝ բիզնեսին տրամադրված վարկերի դոլարայնացման մակարդակը խիստ բարձր է շարունակում մնալ. վարկերի 79%-ն արտարժույթով են։ Համեմատության համար նշենք, որ տնային տնտեսություններին տրված վարկերի ընդամենը 28%-ն է արտարժույթով, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ տնային տնտեսությունները հիմնականում սպառողական վարկեր են վերցնում, որոնք օրենքով կարող են տրամադրվել միայն արտարժույթով։
Ինչ վերաբերում է ՀՀ բանկերի կողմից ներգրավված ավանդներին, ապա դրանք նույնպես շարունակում են աճել։ Նախկինում արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի վերջին ավանդները (ներառյալ՝ ցպահանջ հաշիվները) հասել են ռեկորդային մակարդակի և գերազանցել 2.7 տրլն դրամը։
Ինչպես երևում է պաշտոնական տվյալներից, օգոստոսին այդ միտումը շարունակվել է. ավանդներն օգոստոսի ընթացքում աճել են ավելի քան 30 մլրդ դրամով և այդ ամսվա վերջի դրությամբ կազմել շուրջ 2 տրլն 731 մլրդ դրամ։
Ավանդների դեպքում առավել զգալի է ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների աճը։ Դրանց ծավալը հունիսի վերջի 539.6 մլրդ դրամից հուլիսին հասել է 574.8 մլրդ դրամի, իսկ օգոստոսի վերջին՝ 597.1 մլրդ դրամի։ Աճել են հիմնականում արտարժույթով ավանդները։
Ռեզիդենտների դեպքում ավանդների դինամիկան այսպիսին է՝ հունիսի վերջի դրությամբ՝ 2 տրլն 86.8 մլրդ դրամ, հուլիսի վերջի դրությամբ՝ 2 տրլն 125.7 մլրդ դրամ, օգոստոսի վերջի դրությամբ՝ 2 տրլն 133.8 մլրդ դրամ։
Այսինքն, ՀՀ ռեզիդենտների ավանդները հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում աճել են 47 մլրդ դրամով։ Այդ թվում, դրամային ավանդներն աճել են 19.2 մլրդ դրամով (969 մլրդ դրամից հասնելով 988.2 մլրդ դրամի), իսկ արտարժութային ավանդները՝ 27.8 մլրդ դրամով (1 տրլն 117.8 մլրդ դրամից հասնելով 1 տրլն 145.6 մլրդ դրամի)։