«ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացն այն փուլում չէ, որ խնդիրը լուծվի». Ալեքսանդր Իսկանդարյան
«Ես չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացն այն փուլում է, որ հնարավոր կլինի լրջորեն լուծել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝անդրադառնալով Դուշանբեում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը ու դրա ազդեցությանը հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա:
Իսկանդարյանը չի կարծում, թե պարզապես նրանց հանդիպումով գործընթացում կլինեն ինչ-որ լուրջ փոփոխություններ։ «Բանակցությունների համար կա Մինսկի ձևաչափը. անգամ այդ ձևաչափը որևէ լուրջ արդյունք չի տալիս: Մենք գտնվում ենք միմյանցից բավականին հեռու, որ խնդիրը լուծվի»,- նկատեց նա։
Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ այնուամենայնիվ կարևոր է ցանկացած շփում, կոնտակտ: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պայմանավորվածություն են ձեռք բերել օպերատիվ կապի միջոցով սահմանային իրավիճակը վերահսկելու մասին, Իսկանդարյանը չգիտի՝ դա կարո՞ղ է աշխատել, թե՞ ոչ, բայց նշեց, որ ժամանակին այդ մեթոդը կիրառվել է։ Այն ժամանակ, ըստ նրա, դրա անհրաժեշտությունը զգում էին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Հեյդար Ալիևը: «Հիմա դրա հավանականությունը ես չեմ տեսնում»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե կարծիքներ են եղել, որ սխալ է վարվել Նիկոլ Փաշինյանը՝ հանդիպմանը առանց պատրաստվելու գնալով, քաղաքագետն արձագանքեց, որ ինքը մի կողմից՝ կարծում է՝ հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, և դրա մասին ակնարկում է նաև վերջինս, մյուս կողմից, ըստ նրա, ցանկացած շփում, կոնկակտ կարևոր է:
Հարցին՝ հնարավո՞ր է խաղաղություն հաստատել ժողովրդավարական մեթոդներով, նաև՝ հասարակությանը ներգրավելով գործընթացին, նա պատասխանեց, որ Հայաստանում հասարակությունն իշխանությունների կողմից չի վարահսկվում, սակայն Ադրբեջանն ունի կառավարման այլ ռեժիմ, այնտեղ հասարակությունը չի կարող ազատորեն հաղորդակցվել հայ հասարակության հետ:
«Որպեսզի նման իրավիճակ լինի, այլ Ադրբեջան է պետք: Հիմա այն չկա»,- եզրափակեց քաղաքագետը։