Շվեդիայում ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել շարժիչի բռնկվելուց հետո
SAS ավիաընկերության ինքնաթիռը, որը սեպտեմբերի 28-ի առավոտյան իրականացնում էր Կիրունա-Ստոկհոլմ չվերթը, հարկադրական վայրէջք է կատարել Լուլեո քաղաքում՝ օդում շարժիչի բռնկվելու պատճառով: Չվերթի ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Այդ մասին հայտնել է SVT հեռուստաալիքը:
«Երբ մենք արդեն բավականին վեր էինք բարձրացել, եւ անձնակազմն արդեն պետք է սկսեր սուրճ մատուցել, լսեցինք երկու ճայթյուն: Ես նստած էի հենց ձախ շարժիչի մոտ: Ճայթյուններից հետո տեղի ունեցավ բռնկում,-պատմել է ականատեսներից մեկը՝ Ստեֆան Վելբրանդտը:-Ուղեւորների մեջ խուճապ չկար»:
Նրա խոսքով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել մեկ շարժիչով: Ավիաընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչ Ֆրեյա Անամատցը հաստատել էԷ, որ ինքնաթիռի շարժիչներից մեկում տեխնիկական խափանում է տեղի ունեցել: Նա հայտնել է, որ ուղեւորները Ստոկհոլմ կուղարկվեն այլ չվերթով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: