Բաժիններ՝

«Կարմիր գծերի» և տեսախցիկների քանակն ավելացնելու փոխարեն, վարորդներին պետք է սովորեցնել երթևեկության ճիշտ կանոնները

Հայաստանում տեղի ունեցած փողոցային պայքարի ընթացքում հայտարարություններ եղան, որ պետք է վերացնել «կարմիր գծերը» և  հանել ճանապարհներին տեղադրված նկարահանող սարքերը։ Ավելին՝ փողոցային պայքարի ընթացքում ճանապարհների կարմի գծանշումները պայքարի որոշ մասնակիցներ դարձրել էին եռագույն` այդպիսով բոյկոտելով դրանց առկայությունը։ Սակայն իշխանափոխությունից հետո էլ «կարմիր գծերը» շարունակում են գործել, և, ինչպես վերջերս հաստատել էր ՀՀ ոստիկանապետը,  առաջիկայում ևս 2000 տեսանկարահանող սարքեր կտեղադրվեն ճանապարհներին՝ օրինախախտ վարորդներին զսպելու նպատակով։

Նշենք, որ նախկինում՝ մինչ իշխանափոխությունը,  ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս դեմ էր արտահայտվել «կարմիր գծերին» և տեսախցիկներին՝ հայտարարելով, որ դրանք շտապ պետք է հանվեն, քանի որ դրանցից գոյացած գումարը գնում է մեկ մարդու գրպան։

168.am-ի հետ զրույցում ավտովարորդների իրավունքների պաշտպան Արտյոմ Դավթյանը փաստեց, որ մեր օրերում ճանապարհային երթևեկության համար տեսախցիկների առակայությունն անհրաժեշտություն է։

Նրա խոսքով՝ երբ Նիկոլ  Փաշինյանի հրամանով տեսախցիկները չէին նկարահանում, երթևեկության մեջ քաոս էր տիրում։

Կարդացեք նաև

«Կարելի է տեղադրել 2-3 հազար տեսախցիկ, սակայն մարդուն չճնշեն՝ մինչև լուրջ խախտում չանի։ Կարելի է տուգանքները սահմանափակել, հատկապես այն դեպքում, երբ խախտումը չնչին է, ի վերջո, վարորդները ռոբոտներ չեն, բոլորն էլ կարող են հոծ գիծ խախտել»,- ընդգծեց Ա. Դավթյանը։

«Ջափն» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Վաչագան Մինասյանի կարծիքով՝ «կարմիր գծերի» և տեսախցիկների քանակն ավելացնելու փոխարեն՝ անհրաժեշտ է բարձրացնել ավտոդպրոցների ինստիտուտի դերը, որտեղ ապագա վարորդներին կսովորեցնեն երթևեկության ճիշտ կանոնները, քանի որ Հայաստանում ընդունված է՝ առանց երթևեկության կանոններն իմանալու՝ ձեռք բերել վարորդական իրավունք, որի արդյունքում էլ գրանցվում են ճանապարհային վթարները։

«Ճիշտ է, Հայաստանում հեղափոխություն եղել է, սակայն հեղափոխություն պետք է լինի մարդկանց գիտակցության մեջ, մարդիկ պետք է սկսեն հարգել մեկը մյուսին, մեր գործն է՝ ամեն ինչ սկսել հենց այստեղից»,- շեշտեց Վ. Մինասյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս