Բաժիններ՝

«Իմ դեմ սուտ մատնություն էր, և այն մարդիկ, ովքեր այս ամենը ձեռնարկել են, դժբախտաբար, նկարիչներ են և կարող են իրենք տուժել». Կարեն Աղամյան

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից անմիջապես հետո մի շարք նկարիչներ բողոքի ալիք բարձրացրեցին՝ ընդդեմ ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի՝ պահանջելով, որպեսզի վերջինս հրաժարական ներկայացնի։
Մի քանի օր բողոքելուց հետո նկարիչները դադարեցրեցին իրենց ակցիան՝ սպասելով միության առաջիկա համագումարին։

168.am-ի հետ զրույցում Կարեն Աղամյանն անդրադառնալով իր դեմ եղած բողոքներին՝ փաստեց, որ Նկարիչների միության անդամների քանակը մոտ հազար է, եթե 10-15 հոգի մտածում են այլ կերպ, ապա ոչ մեկն իրենց չի խանգարում, թող այդպես մտածեն։
Ըստ նրա, Նկարիչների միությունն այն կառույցն է, որտեղ մեծամասնությունն է որոշում՝ ով դառնա կառույցի ղեկավար և ով հեռանա։

«Շատ եմ վախենում, որ այս բողոքը կապված էր իշխանափոխության այդ ալիքի հետ, որը տեղի ունեցավ Հայաստանում, շատերը շատ սխալ ընկալեցին այն ոգևորությունը, որն ուներ ազգը, ամեն դեպքում, սա սովորական երևույթ է։ Այսօր արդեն ես պետք է սկսեմ բողոքել, քանի որ բողոքողները սկսեցին իմ անունը ապականել և երկու դատական գործ բացեցին ինձ վրա, ընդ որում՝ քրեական, մեկը արդեն փակվել է, մյուսն էլ շուտով կփակվի, որովհետև սուտ մատնություն էր, և այն մարդիկ, ովքեր այս ամենը ձեռնարկել են՝ դժբախտաբար նկարիչներ են և կարող են իրենք տուժել»,- ասաց Կ. Աղամյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի կունենա Նկարիչների միության նախագահի ընտրություն, թեկնածուները կառաջադրվեն հենց ընտրության օրը, միության անդամների ձայների մեծամասնությունն ով ստանա՝ նա էլ կղեկավարի կառույցը։

Կարդացեք նաև

Կ. Աղամյանը դեռևս չի որոշել՝ արդյոք կառաջադրի՞ իր թեկնածությունը, կամ առաջադրվելու և ընտրվելու դեպքում կշարունակի՞ ղեկավարել կառույցը։
«Միությունը ղեկավարում եմ արդեն քսան տարի և այս տարիների ընթացքում անձնական շատ բաներ եմ կորցրել, հետևաբար՝ դեռևս չեմ որոշել անելիքներս»,- ասաց Կ. Աղամյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս