Ազգային ժողովը լուծարելու քաղաքական հիմքերը
Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ծանրակշիռ՝ ավելի քան 81 տոկոսանոց հաղթանակը անմիջապես զարկ տվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին հայտարարություններին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Նյու Յորքում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց, որ Երևան վերադառնալուն պես ՀՀ խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ է բանակցություններ նախաձեռնելու շուտափույթ արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգով։
Վարչապետի հայտարարությանը արձագանքեցին ակտիվ քաղաքական գործունեություն ծավալող գրեթե բոլոր կուսակցությունները, որոնց մեծամասնությունը հաստատակամորեն պաշտպանեց նախաձեռնությունը։ ՀՀԿ խմբակցության պատգամավորները, սակայն, հայտարարելով քննարկումներին մասնակցելու պատրաստակամության մասին, միաժամանակ պնդում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չկա։ Վերջինս բացատրվում է նախ և առաջ քաղաքական պատճառներով, այսինքն՝ ԱԺ-ը դրականորեն համագործակցում է կառավարության հետ, որի օրինագծերից ու նախաձեռնություններից դեռևս ոչ մեկը չի տապալվել խորհրդարանում։ Այդ հիմքով՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչները կարիք չեն տեսնում արտահերթ ընտրությունների անցկացնելու համար։
ՀՀԿ-ի փաստարկը փաստացիորեն ճիշտ լինելով՝ քաղաքականապես խոցելի է։ Եթե անգամ ներկայումս ԱԺ մեծամասնությունը որևէ կերպ չի խոչընդոտում կառավարության գործունեությունը, ապա դա դեռ չի նշանակում, որ նման հնարավորությունը բացառված է։ Կարելի է պնդել, որ ցանկացած սկզբունքային անհամաձայնություն նոր իշխանության՝ հանձին գործադիրի, և հին իշխանության՝ հանձին օրենսդիրի, կարող է վայրկենապես հանգել քաղաքական քաոսի։ Ըստ էության, նախկին և ներկա իշխանությունների միջև տարաձայնությունները բավականին ակնառու են, իսկ բնույթով՝ սկզբունքային։ Դրա վկայությունն էլ իշխանության փոփոխությունն էր ոչ թե դասական՝ ընտրությունների, այլ հեղափոխական գործընթացների միջոցով։ Հետևաբար, որևէ երաշխիք չկա, որ այդ սկզբունքային տարաձայնությունները մի ինչ-որ վճռական պահի չեն դրսևորվի, ինչը կհանգեցնի օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև առճակատման նոր ալիքի։ Դա կարող է ինչպես խափանել կառավարության համալիր քաղաքականությունը, այնպես էլ ներքաղաքական սրացումների պատճառն դառնալ։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հաջորդ պատճառը թերևս Երևանի ավագանու ընտրությունն արձանագրված արդյունքն է։ Դրանով ոչ միայն ակնհայտ դարձավ իրողությունը, ըստ որի՝ քաղաքական իշխանությունը վայելում է հասարակության մեծամասնության վստահությունը, այլև այդ հանգամանքը վերածվեց այլևս կայացած փաստի։ Եթե նախկինում գործադիր իշխանության ու անձամբ վարչապետի հանրային վստահելիությունը չափվում էր հանրահավաքներով և հանրային միջոցառումներով, ապա այժմ դա արձանագրվում է ընտրությունների միջոցով։ Նախկին իշխանությունները ժամանակին քանիցս պնդել են, որ հասարակության տրամադրությունները արտացոլվում են ընտրությունների ժամանակ՝ պատասխանելով իրենց ընդդիմախոսներին։ Այժմ իրենք պարտավոր են ականջալուր լինել սեփական իսկ փաստարկներին՝ առաջին հերթին հիմք ընդունելով ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների պարագան։
Վերջապես, 2015թ. Սահմանադրական փոփոխություններով Հայաստանում իշխանության առաջնային մանդատը պատկանում է խորհրդարանին, որը պետք է արտահայտի հասարակության իրական տրամադրությունները։ Այն փաստարկը, թե իբր հասարակական տրամադրության տատանումներով չպետք է անընդհատ արտահերթ ընտրություններ անցկացվեն, տրամաբանական կլիներ, եթե ԱԺ-ում պահպանված լիներ հարաբերական համամասնությունը։ Սակայն հասարակության 81 տոկոս աջակցությունը վայելող ուժը ԱԺ-ում ունի առավելագույնը հինգ պատգամավոր, ինչը քաղաքական առումով նոնսենս է։ Հասարակության տրամադրությունները ԱԺ-ում քաղաքական ուժերի ներկայացրած պատկերից տարբերվում են շեշտակիորեն, ինչը ոչ միայն չի տեղավորվում քաղաքական տրամաբանության շրջանակներում, այլև հղի է լրջագույն վտանգներով։ Խորհրդարանի քաղաքական գործառույթը ոչ թե կառավարության առաջ խոչընդոտներ չհարուցելու խոստումն է, այլ նախ և առաջ հասարակության քաղաքական կողմնորոշումներն արտահայտելը, իսկ ապա՝ նշանակել իրեն հաշվետու վարչապետ ու կառավարություն ու պատվիրակել նրանց՝ կատարելու քաղաքական մեծամասնության ծրագիրը։
Նժդեհ Հովսեփյան