«Ոչ մի ակումբ պարտավոր չէ միանալ մեր կամավոր նախաձեռնությանը». Լա Լիգայի նախագահը` «Ռեալին»
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է «Ռեալ Մադրիդի»՝ ԱՄՆ-ում անցկացվող հանդիպումներից հրաժարվելու որոշումը:
«Առաջին հերթին Մայամիում անցկացվելիք հանդիպումները կամավոր նախաձեռնություն էին: Ոչ մի ակումբ պարտավոր չէ միանալ մեր կամավոր նախաձեռնությանը:
Երկրորդը, ես ուզում եմ նշել, որ ԱՄՆ-ում խաղերի անցկացման առաջարկն ավելի քան մեկ տարի առաջ է եղել նույն ընկերության կողմից, որը կազմակերպում է «Ռեալի» նախախաղային շրջագայությունն ԱՄՆ-ում»,- նշել է Տեբեսը:
Օգոստոսի 16-ին հայտնի դարձավ, որ Լա լիգան պայմանագիր է կնքել ԱՄՆ-ում գործող Relevent Sports մեդիաընկերության հետ, ըստ որի՝ մի շարք ֆուտբոլային հանդիպումներ տեղի կունենան Հյուսիսային Ամերիկայում:
Համաձայնագիրը նախատեսված է 15 տարվա համար, իսկ առաջին նման խաղերը, հավանաբար, պետք է տեղի ունենան արդեն այս մրցաշրջանում, բայց դժվար թե մինչև Նոր տարին: ԱՄՆ-ում անցկացվելիք խաղում պետք է խաղան «Ռեալը», «Բարսելոնան» կամ «Ատլետիկոն»: Այս համաձայնությունը ձեռք է բերվել առանց AFE- ի և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի համաձայնության:
Սիրարփի Աղաբաբյան