«Տպավորությունն այնպիսին էր, որ սա ոչ թե քաղաքապետի ընտրություն է, այլ՝ Երևանի գլխավոր հավաքարարի». Արմեն Բադալյան
Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավն անհաջող էր, ուներ աղքատիկ բովանդակություն։ 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ ընդգծելով, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում ընդամենը մի քանի հարցերի լուծման մասին խոսվեց՝ աղբահավաքություն, վերելակներ, տրանսպորտ։
«Տեխնոլոգիական տեսակետից այս քարոզարշավը շատ ավելի աղքատիկ է, որովհետև ընդամենը տեսնում ենք հանդիպումներ բակերում, մեկ-երկու բուկլետների բաժանում, հարցազրույցներ, պաստառներ։ Այսինքն՝ և՛ բովանդակությամբ, և՛ տեխնոլոգիապես իրականացված գործընթացից այնպիսի տպավորություն է, որ սա 1990 թվականի ընտրություն է, 30 տարվա ընթացքում, երբ տեխնոլոգիաները բավականին զարգացել են, այդ փորձն ընդհանրապես չօգտագործվեց, քաղաքական գործիչները մնացին իրենց պատկերացումներով։ Ոչ մեկի մոտ չկար Երևան քաղաքը՝ որպես մեկ միասնական օրգանիզմ զարգացնելու կոնցեպտը»,- ընդգծեց նա։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ կային ուժեր, որոնք ունեին մեծ պոտենցիալ և կարող էին օգտագործել, բայց իրենց չիմացության պատճառով չօգտագործեցին. «Տպավորությունն այնպիսին էր, որ սա ոչ թե քաղաքապետի ընտրություն է, այլ Երևանի գլխավոր հավաքարարի ենք ընտրում, որը պետք է սեպտեմբերի 24-ից քաղաքը մաքրի։ Քաղաքային խնդիրները բազմաթիվ այլ հարցեր են իրենց մեջ ընդգրկում, դա կոմպլեքս պետք է լիներ, ինչը տեղի չունեցավ, և դա իրենց չիմացության արդյունքն էր»։
Ինչ վերաբերում է այս քարոզարշավի ընթացքում դեբատների բացակայությանը և ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարություններին, որ Հայկ Մարությանը խուսափում է իր հետ բանավիճելուց, քաղտեխնոլոգը հետևյալն ասաց.
«Այս ընտրություններին մասնակցող ուժերից ոչ բոլորն են գնում հաղթելու, ֆավորիտ ուժերը երկուսն են՝ «Իմ քայլը» դաշինքն ու ԲՀԿ-ն։ Մնացածները չէին գնում հաղթելու՝ չնայած իրենց արտահայտություններին։ Այդ երկու ուժերից մեկի ներկայացուցիչն է լինելու քաղաքապետ, և տրամաբանական կլիներ, որ նրանց միջև տեղի ունենար բանավեճը։ Իմաստ չունի բանավեճ կազմակերպել 12-ի միջև, բանավեճ անցկացնում են նրանց միջև, ովքեր հնարավորություն ունեն հաղթանակ տանելու։ Դրա համար է, որ ԲՀԿ-ն հենց Մարությանին էր հրավիրում բանավեճի։ Բացի այդ՝ տեսնում էինք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը հիմնականում վարչապետն էր անցկացնում, որը գալիս և զգացմունքային ելույթներ էր ունենում։ «Իմ քայլը» դաշինքը, հասկանալով, որ իր թեկնածուն քաղաքական գործիչ չէ, նրանք այդ բացը փորձում էին ծածկել վարչապետի բարձր վարկանիշով և զգացմունքային ելույթներով, և դրա համար ԲՀԿ-ի թեկնածուն հասկանալով, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի թույլ տեղը հենց այն է, որ նա քաղաքական գործիչ չէ, նրան էր հրավիրում՝ առանց վարչապետի։ Իսկ մյուս կողմը նույնպես հասկանում էր, որ, եթե Մարությանը գնա և կանգնի Նաիրա Զոհրաբյանի առաջ, միանշանակ պարտություն է կրելու, դրա համար այլ ստրատեգիա ընտրեց։ Մյուս ուժերում կան միջակություններ, որոնց ֆոնին Մարությանի չկայացվածությունը չի երևա, նա այդքան ձայնային կորուստներ չի ունենա, դրա համար խուսափեց բանավեճից»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում