«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն անելանելի է ու վտանգավոր». Ֆելգենգաուեր

«Վտանգավոր իրավիճակ է՝ ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ՝ Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Իդլիբում, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, ու չի բացառվում անկայունության մեծ ալիք, որը կտարածվի նաև հարավկովկասյան տարածաշրջանի վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է իրատեսական ռազմական գործողությունների վերսկսումը ԼՂ հակամարտության գոտում, հաշվի առնելով վերջին օրերին ակտիվացած տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը թիրախավորում է հայկական մերձսահմանային գյուղերը` Կոթի, Ոսկեպար, Բաղանիս, Վազաշեն, Արենի:

Ռուս ռազմական փորձագետի գնահատմամբ՝ ցանկացած զարգացում հնարավոր է թվում, անկանխատեսելի իրավիճակ է և ԼՂ հակամարտության գոտում՝ ինչպես միշտ, և Մերձավոր Արևելքում, քանի որ Իդլիբի հարցում Ռուսաստանի և գործընկերների դիրքորոշումները երկար ժամանակ տևած անհամաձայնությունից հետո միավորվեցին, և դժվար է ասել, թե որքանով է կայուն ու հաստատուն այն համաձայնությունը, որը նախօրեին կայացավ Պուտինի և էրդողանի միջև ապառազմականացված գոտի ստեղծելու մասին:

Ըստ Ֆելգենգաուերի, այն իրողությունները, որոնք այսօր կան նաև ԼՂ հակամարտության գոտում, հակամարտության շուրջ և հարևան տարածաշրջանում ստեղծված անելանելի քաղաքական, ռազմական և դիվանագիտական իրավիճակը, սպառազինության մրցավազքը, ուժերի կուտակումները շփման գծում թույլ են տալիս պնդել, որ եթե ոչ՝ այսօր, ապա՝ վաղը ռազմական լայնածավալ գործողություններ կարող են սկսվել, ինչպես 2016 թվականին: «Սակայն այդ գործողությունները չեն սկսվում, քանի որ այսօր ըստ էության ստատուս-քվոն ձեռնտու է բոլոր կողմերին, քանի որ կորուստները նման պատերազմից հետո շատ ավելին են լինելու, քան ձեռքբերումները երկու կողմի համար էլ: Յուրաքանչյուրը մտածում է` ինչ կստանա նման պատերազմից: Եթե այսօր նույնիսկ հակամարտությունը կարգավորված չէ, ապա կողմերը նախընտրում են իրավիճակը թողնել ներկայիս տեսքով, քան փորձել լուծել խնդիրները ռազմական ճանապարհով: Կարծում եմ` ըստ էության ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այս իմաստով առանցքային բան չի փոխվել՝ չհաշված այն մանր-մունր խնդիրները, որոնք առաջացել են հայ-ռուսական հարաբերություններում: Շատ բան չի փոխվել, քանի որ ՀՀ իշխանությունները, ըստ էության, ընթանում են այն ուղիով, որը նախկին իշխանություններն են ունեցել, բացառությամբ՝ պահանջելով Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին»,- ասաց Պավել Ֆելգենգաուերը:

Ռազմական փորձագետի կարծիքով, հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն իսկապես կա, որի հիմքում անվստահությունն է ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ: «Կա նման իրավիճակ, բայց դրա մյուս կողմում այն հանգամանքն է, որ Մոսկվան հակված չէ սրել իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում, քանի որ բազում այլ խնդիրներ ունի, և Հայաստանի հետ հարաբերություններում առկա անվստահության, լարվածության խորացումը խիստ անցանկալի է: Խիստ անցանկալի է նաև ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման սցենարը, ինչը նշանակում է, որ Մոսկվան կողմնակից է ստատուս-քվոյի պահպանմանը, սակայն 2016 թվականի պատերազմը ցույց տվեց, որ Մոսկվան չի որոշում, թեև Մոսկվայի կարծիքը հաշվի առնվեց, և գործողությունները դադարեցվեցին Մոսկվայի միջնորդության արդյունքում»,- ասաց Ֆելգենգաուերը:

Ըստ նրա, բնականաբար, հակառակորդի համար ցանկացած անկայունությունը Հայաստանի ներսում և արտաքին հարաբերություններում հնարավորություն է՝ վերսկսելու ռազմական գործողությունները: «Սակայն, ինչպես ասացի, ցանկության դեպքում Ադրբեջանը կարող էր պատերազմ սկսել նաև անցյալում: ԼՂ հակամարտության չկարգավորվածությունը եղել է գործիք, և դրանից հրաժարումը նշանակում է՝ կորցնել այդ գործիքի կիրառումն իշխանության պահպանության հարցում»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի ՀԱՊԿ-ը, եթե հայկական գյուղերի շարունակական գնդակոծության արդյունքում ՀՀ իշխանությունները դիմեն ՀԱՊԿ-ին, նա պատասխանեց. «Ինչպես միշտ ասել եմ, ՀԱՊԿ-ի իմաստը Հայաստանի համար հայ-ռուսական ռազմատեխնիկական հարաբերություններն են, և Հայաստանը կարող է ակնկալել միայն Ռուսաստանի աջակցությունը, քանի որ մենք ականատեսն ենք եղել, թե որքան տարբեր են շահերը ՀԱՊԿ-ում: Վերջին անցանկալի զարգացումը՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ, ևս չի նպաստել ՀԱՊԿ-ում առկա նշածս իրավիճակի մեղմմանը»:

 

Տեսանյութեր

Լրահոս