
Ադրբեջանն անհանգստացած է ԵԱՏՀ պաշտոնական տեղեկատուներում Արցախի քարտեզի առկայության հանգամանքից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների անհանգստությանն առ այն, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) տեղեկատուներում տեղ գտած Հայաստանի քարտեզում ներառված է նաև Արցախը: Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևի փոխանցմամբ՝ Ադրբեջանի դեսպանատները հետաքննում են այս գործը: Հաջիևը նշել է, որ այդ ամենը փոխելու համար իրենք դիմելու են ԵԱՏՀ անդամ բոլոր երկրներին, ինչպես նաև կազմակերպության քարտուղարությանը:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խեղաթյուրող փաստերի վերացման նպատակով դիմելու ենք կազմակերպության անդամ պետություններին և կազմակերպության քարտուղարությանը»,-ասել է Հաջիևը: