
Պետերբուրգում բացվել է հանրահայտ փողոցային նկարիչ Բենքսիի ցուցահանդեսը

Սանկտ Պետերբուրգի Կոնյուշեննի գերատեսչության ձիամարզարանում բացվել է փողոցային հայտնի նկարիչ Բենքսիի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է 68 աշխատանք: Այդ մասին հայտնել են դրա կազմակերպիչները:
«Ցուցահանդեսի ցուցադրանքն աշխատանքներ է ներառում ամբողջ աշխարհի հավաքորդների մասնավոր հավաքածուներից: Դրանում տեղ է գտել նկարչին պատկանող 68 աշխատանք, ներառյալ 27 օրիգինալներ, որոնք արվել են անմիջականորեն նկարչի ձեռքով, եւ 41 տիրաժային աշխատանք, այսպես կոչված՝ պրինտներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Պետերբուրգում բացված «Բենքսի. հանճար, թե՞ վանդալ» ցուցահանդեսն աշխատելու է մինչեւ նոյեմբերի 5-ը: Ավելի վաղ Բենքսիի աշխատանքների ցուցահանդեսը կազմակերպվել էր Մոսկվայում, Նկարչի կենտրոնական տանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: