Նվազագույն կենսաթոշակի հետքերով: 60 տոկոս բարձրացո՞ւմ, թե՞ արդարության սկզբունքի խախտում
Սեպտեմբերի 12-ին վարչապետի խորհրդականը հայտարարեց, որ Կառավարության կողմից ներկայացվել է նախագիծ, որով առաջարկվում է հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը բարձրացնել 60 տոկոսով, որը կկազմի 25 500 դրամ, ինչը գերազանցում է պարենային աղքատության շեմը։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հրապարակվել է ՀՀ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ, որի միջոցով կառավարությունը նախատեսում է իրականացնել վերոնշյալ փոփոխությունը:
Նախ ասենք, որ կենսաթոշակի և աշխատավարձերի բարձրացման խնդիրը մշտապես եղել է բոլոր իշխանությունների քննարկման առարկան, և դա բնական է, որովհետև դա պետության հիմնական գործառույթներից մեկն է: Սակայն այստեղ պետք է բարի ցանկությունները հստակ տարանջատել իրականացվող ծրագրերից, որովհետև բոլորն են ցանկանում, որ թոշակները շատ բարձր լինեն, սակայն դրա համար պետք է հասկանալ, արդյո՞ք կառավարությունը կարող է այդօրինակ բեռն իր վրա վերցնել:
Այսպես, համաձայն ներկայացված նախագծի, նախատեսվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ, որը սահմանելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Ըստ նախագծի հիմնավորման՝ 2019 թվականի համար կառավարության կողմից կսահմանվի նվազագույն կենսաթոշակի շեմ՝ 25 500 դրամ: Սա պետք չէ շփոթել մինչ այդ օրենքով սահմանված կենսաթոշակի հիմնական չափի հետ, որից գեներացվում են բոլոր թոշակները:
Համաձայն վարչապետի խորհրդականի հայտարարության՝ նվազագույն պարենային զամբյուղից ցածր թոշակ ստացողները մոտ 80 հազար մարդիկ են, և բարձրացումը նրանց համար կլինի 60 տոկոսով: Հասկանալու համար այս թվերի ճշմարտացիությունը, կատարենք պարզ հաշվարկ: Նախ և առաջ՝ հաշվարկենք հայտարարված 60 տոկոսի չափը դրամական արտահայտությամբ. կստանանք 10 200 դրամ (25500-25500*60/100=10200): Որպեսզի ստանանք, թե հայտարարված բարձրացումը տարեկան որքա՞ն կարժենա բյուջեի համար, պետք է այս թիվը բազմապատկենք հայտարարված շահառուների թվով, որն ըստ հայտարարության՝ 80 000 մարդ է, և բազմապատկենք 12 ամիսներով: Արդյունքում՝ կստանանք 9.6 միլիարդ դրամ (10200*80000*12=9.8 մլրդ դրամ): Այսպիսով վերոնշյալ բարեփոխումը ամբողջ ծավալով իրականացնելու դեպքում 2019 թվականի բյուջեի համար այն կարժենա լրացուցիչ 9.8 մլրդ դրամ, ընդ որում, այս ծախսը պետք է լինի շարունակական և կատարվի նաև հաջորդող տարիներին:
Սակայն այստեղ կա մի բայց: Յուրաքանչյուր իրավական ակտի նախագծին կից ներկայացվում է նաև տեղեկանք՝ նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին: Այս նախագծին կից տեղեկանքում նշված է՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։Այս դրույթը հստակորեն սահմանված է նաև Միջնաժամկետ ծախսերի 2018-2021 թվականի ծրագրում, որի 9.3 կետով սահմանվել է, որ 2019-2021 թվականների կտրվածքով բոլոր տեսակի կենսաթոշակների գծով նախատեսվում է պահպանել 2018թ. համար նախատեսված կենսաթոշակի հիմնական չափը, իսկ ոլորտին ուղղվող ծախսերի ավելացումը պայմանավորված է թոշակառուների թվի ավելացմամբ:
Միամտություն կլինի կարծել, որ շուրջ 10 միլիարդ դրամը բյուջեի համար էական ծախս չի համարվում, ուստի այստեղից կարելի է գալ մի պարզ հետևության, որ 80 հազար թոշակառուի համար 60 տոկոս բարձրացման հայտարարությունն առնվազն չափազանցություն է, և այս նախագիծը ոչ թե 60 տոկոսով բարձրացնում է թոշակները, այլ օրենքի ընդունման պարագայում բարձրացումը կլինի 60 տոկոս: Այս երևույթը ավելի պարզ հասկանալու համար բերենք մի պարզ օրինակ. եթե նախկինում շահառուն ստանում էր 23000 դրամ կենսաթոշակ, ապա այս նախագծի արդյունքում հունվարի 1-ից նրա թոշակը ոչ թե կբարձրանա 60 տոկոսով, այլ ընդամենը 2500 դրամով: Այսինքն, այս բարձրացումն էականորեն ազդելու է միայն ամենանվազագույն 14-16000 դրամ ստացողների վրա, որոնց թիվը շատ փոքր է, և ասել, որ կառավարությունը սրանով ապահովելու է թոշակառուների արժանապատիվ և բարեկեցիկ ծերությունը, այս պահին դեռևս շատ վաղ է:
Ինչ վերաբերվում է հայտարարության մյուս մասին, որ նվազագույն պարենային զամբյուղից ցածր թոշակ ստացողները մոտ 80 հազար մարդիկ են, սա ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում, և այդ նույն նախագծի հիմնավորման մեջ նշված է՝ հաշվի առնելով կենսաթոշակառուների թվի ավելացման միտումները, 2019 թվականին պարենային (ծայրահեղ) աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կանխատեսվում է 17640: Այսինքն, այս բարեփոխումը տարածվելու է ոչ թե 80 000 թոշակառուների վրա, այլ ընդամենը 17 640 մարդու համար, ինչը թոշակառուների ընդհանուր թվաքանակի մեջ շատ փոքր տեսակարար կշիռ է զբաղեցնում:
Անդրադառնալով օրենսդրական փոփոխության տրամաբանությանը, տեղին է մատնանշել նաև անարդար մոտեցումը, որովհետև, եթե նախկինում մի թոշակառու ստանում էր, օրինակ, 16 000 դրամ, մյուսը՝ 26 000 դրամ, ապա դա պայմանավորված էր մի շարք հարցերով (աշխատանքային ստաժ, կարգավիճակ և այլն), այս նոր մոտեցումն այդ երկուսի մեջ դնում է հավասարության նշան, ինչը սոցիալական արդարության տեսանկյունից անընդունելի մոտեցում է: Ուստի, եթե բարձրացնում ես նվազագույն ստացողի թոշակը, ապա պետք բարձրացնես նաև մյուսինը, որն իր համեմատաբար բարձր թոշակ ստանալու իրավունքը վաստակել է տարիների աշխատանքով և պետական բյուջե կատարած վճարումներով: Հակառակ դեպքում ոտնահարվում է սոցիալական արդարության սկզբունքը՝ այդպիսով խախտելով մեր երկրի որդեգրած սոցիալական քաղաքականության սկզբունքները, որի նպատակներից մեկը սոցիալական համերաշխություն և սոցիալական արդարություն ապահովելն է:
Իհարկե, կասկածի տակ չդնելով այս բարեփոխման դրական բովանդակությունը, պետք է նշենք, որ այն հայտարարությունը, որ կառավարությունը բարձրացնում է թոշակները 60 տոկոսով, մեղմ ասած, չափազանցություն է, իսկ նախագծի տրամաբանությունն էլ հակասում է մինչ այդ վարվող քաղաքականության կողմից որդեգրած արդարության սկզբունքներին: Իրական բարեփոխումը կլինի այն, որ կառավարությունը ոչ թե սահմանի նվազագույն շեմ, այլ բարձրացնի կենսաթոշակի հիմնական չափը, որը կբերի բոլոր թոշակառուների թոշակների շղթայական բարձրացման, և միայն այդ պարագայում կհամարվի, որ բարելավվել է սոցիալական քաղաքականությունը: Սակայն այդ մասշտաբի բարեփոխումն իրենից լուրջ ծախսեր է պահանջում, որի հնարավորության մասին խոսել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում՝ անդրադառնալով, թե ե՞րբ և ինչպե՞ս է է հնարավոր սպասել աշխատավարձերի և թոշակների բարձրացման:
ՀԱՅԿ ԲԵՋԱՆՅԱՆ