Ադրբեջանական բանտում հացադուլ հայտարարած քաղբանտարկյալը տեղափոխվել է պատժախուց
Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Մուրադ Ադիլովը, ով բանտում սեպտեմբերի 7-ից հացադուլ էր սկսել, սեպտեմբերի 10-ին տեղափոխվել է պատժախուց: Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:
Ադրբեջանի քրեակատարողական ծառայության աշխատակից Մեհման Սադըգովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում հերքել է ակտիվիստի հացադուլ սկսելու հանգամանքը և խուսափել է պատասխանել նրան պատժախուց տեղափոխելու վերաբերյալ հարցին:
«Մեր աշխատակիցները աշխատանքներ են տարել և նրան համոզել են հրաժարվել հացադուլից»,-ասել է Սադըգովը:
Ադիլովի հացադուլ սկսելու պատճառը եղել է նրա նկատմամբ կայացված անարդար դատավճիռը: Ադիլովը հացադուլն սկսել է սեպտեմբերի 7-ին, իսկ սեպտեմբերի 10-ին հարազատներին հայտնել են նրա առողջական վիճակի վատթարացման մասին:
Ազատազրկման երկու երրորդ ժամկետի լրանալու դեպքում պատժի մեղմացման և պայմանականորեն արտահերթ ազատ արձակման վերաբերյալ Ադիլովի դիմումը դիտարկվել էր սեպտեմբերի 5-ին՝ Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանում, և դատարանը մերժել էր միջնորդագիրը:
Ընդդիմադիր ակտիվիստը ձերբակալվել է 2014 թ. ամռան վերջին և մեղադրվում է խոշոր չափի թմրանյութերի շրջանառության մեղադրանքով:
Ադիլովը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:
Ադիլովը Amnesty International և մի շարք այլ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ճանաչվել է քաղբանտարկյալ: