Բաժիններ՝

Հայաստանի կրթական համակարգը՝ թվերով

Նախորդ շաբաթ Վիճակագրական կոմիտեն հրապարակեց «Հայաստանի սոցիալական վիճակը 2017 թվականին» տարեկան զեկույցը։ Այս զեկույցում ամբողջացվում է կրթության բոլոր աստիճանների վերաբերյալ տեղեկատվությունը։

Նախադպրոցական կրթության ոլորտում առկա է քանակական տվյալների բարելավում։ Մասնավորապես, 2017 թվականին նախադպրոցական հաստատություններ հաճախել է երեխաների 30.9 %-ը։ Քաղաքի և գյուղի տարբերությունը շարունակում է մեծ մնալ։ Քաղաքներում մանկապարտեզ հաճախում է երեխաների 36.6 %-ը, իսկ գյուղերում՝ 20.6 %-ը։ Զեկույցում ներկայացվում է 2013-2017 թվականների դինամիկան։ Ըստ այդմ, 2013 թվականին Հայաստանում գործել է 653 նախադպրոցական հաստատություն, իսկ 2017-ին այդ թիվը հասել է 818-ի։ 5 տարվա ընթացքում 8 հազարով ավելացել է նախադպրոցական հաստատություններ գնացող երեխաների թիվը։ Ընդ որում, երեխաները թիվը հատկապես աճել է մարզերում։ Նվազել է նախադպրոցական հաստատություններ հաճախող մինչև 3 տարեկան երեխաների թիվը։ Վերջին 5 տարում շուրջ 500-ով ավելացել է նախադպրոցական հաստատություններում աշխատող մանկավարժների թիվը։ Նախադպրոցական հաստատություններում առկա աճը հիմնականում արձանագրվել է պետական հաստատություններում։

Նվազել է պետական դպրոցների թիվը։ 2013 թվականին գործել է 1389 պետական դպրոց, 2017-ին՝ 1374։ Փակված դպրոցներից 13-ը քաղաքներում են, 2-ը՝ գյուղերում։ Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում երկհերթ և եռահերթ դպրոցներ չպետք է լինեն։ Այս առումով նկատելի է դրական դինամիկա։ 2017 թվականին Հայաստանում եռահերթ դպրոց այլևս չկա, թեև 2016-ին 2 այդպիսի դպրոց եղել է Երևանում։ Իսկ երկհերթ դպրոցների թիվը 6-ով նվազել է և 2017-ին դարձել 81։ Այդուհանդերձ, Երևանում 2-ով ավելացել է երկհերթ դպրոցների թիվը։

Աշակերտների թիվն աճել է՝ 353000-ից հասնելով շուրջ 360000-ի։ Այդ աճը տեղի է ունեցել այն պատճառով, որ 2017 թվականին դպրոցն ավարտել է թերբեռնված 12-րդ դասարաններից մեկը։ Այս տարի դպրոցն ավարտեց թերբեռնված դասարաններից ևս մեկը։ Սա նշանակում է, որ այս տարվա սեպտեմբերից էապես աճելու է աշակերտների թիվը։ Կանխատեսվում է, որ դպրոցների աշակերտների թիվը մոտենալու է 400 հազարին։ Շուրջ 2000-ով նվազել է Հայաստանի դպրոցների ուսուցիչների թիվը։ 2013 թվականին Հայաստանի դպրոցներում աշխատել է 38 529 ուսուցիչ, 2017-ին՝ 36 678։ Էապես նվազել է միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների թիվը՝ շուրջ 4100-ից դառնալով շուրջ 2700։ Նվազել է նաև միջնակարգ կրթություն ունեցող ուսուցիչների թիվը։ Այս պահին միայն դպրոցական կրթություն ունեցող 104 ուսուցիչ կա Հայաստանում։ Եվ եթե մարզերում հասկանալի է նման ուսուցիչների առկայությունը, ապա պարզ չէ, թե ինչո՞ւ Երևանում դեռևս ունենք միջնակարգ կրթություն ունեցող 16 ուսուցիչ։ Միջնակարգ և միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների թվի անկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2018 թվականից հետո բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն այլևս չպետք է աշխատեին դպրոցում։ Այդ պատճառով միջին մասնագիտական և միջնակարգ կրթություն ունեցող ուսուցիչները հիմնականում հեռակա ուսուցման համակարգում ուսանելով՝ ստացան բարձրագույն մանկավարժական կրթություն։

Կարդացեք նաև

Ոչ պետական դպրոցների թիվն աճել է ընդամենը 2-ով՝ 45-ից դառնալով 47։ Այդ դպրոցներից 39-ը գործում են Երևանում, 5-ը՝ Շիրակում, 2-ը՝ Արմավիրում, 1-ը՝ Տավուշում։ Հայաստանի ուսուցիչների միջին տարիքը շարունակում է աճել։ Եթե 2013-ին 65-ից բարձր տարիք ունեցող ուսուցիչների թիվը 1177 էր, ապա 2017-ին՝ 1 758։

Նախնական մասնագիտական (արհեստագործական) ծրագրեր Հայաստանում իրականացնում է 44 հաստատություն։ Վերջին 5 տարիներին էական փոփոխություն չկա նման հաստատություններ ընդունված սովորողների թվի մեջ։ Տարեկան ընդունվում է շուրջ 3300 սովորող։ Ընդհանուր առմամբ, այս համակարգում թվային առումով էական փոփոխություններ չեն արձանագրվել։ Պարզապես ավելացել է որոշ մասնագիտություններով ընդունվողների թիվը (օրինակ՝ արվեստ և դիզայն), նվազել այլ մասնագիտություններով ընդունվողների թիվը (օրինակ՝ էկոնոմիկա և կառավարում)։

Միջին մասնագիտական ուսումնական ծրագրեր ունեցող հաստատությունների թիվը 82-ից դարձել է 79։ 2013-ի համեմատ՝ շուրջ 1000-ով նվազել է ընդունվողների թիվը։ Ուշագրավ է, որ միջին մասնագիտական հաստատություններում 20 տարեկանից բարձր տարիք ունեցող սովորողների թիվը մի քանի տասնյակ է, ինչը նշանակում է, որ հասուն տարիքում մասնագիտություն ձեռք բերելը մեզանում դեռևս տարածում չունի։ 2017 թվականին Հայաստանում գործել է 14 ոչ պետական միջին մասնագիտական հաստատություն, ինչը

3-ով պակաս է 2013 թվականի ցուցանիշից։

Աստիճանաբար նվազում է բուհերի քանակը։ 2017 թվականին Հայաստանում գործել է 61 բուհ և 12 մասնաճյուղ։ Ուսանողների թիվը շուրջ 78 000 է։ Ամենաշատ ուսանողներ կան սոցիալական և վարքաբանական մասնագիտությունների (հիմնականում՝ տնտեսագիտություն) գծով՝ շուրջ 12000։ Երկրորդ տեղում մանկավարժական մասնագիտություններն են՝ ավելի քան 10000 ուսանող։ Երրորդ տեղում բանասիրական մասնագիտություններն են՝ շուրջ 7000 ուսանող։ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների մասնագիտությունների գծով սովորում է շուրջ 3700 ուսանող։

Այսպիսով, ունենք սովորողների թվի աճ նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Այս տարվանից էապես կաճի նաև դպրոցների աշակերտների թիվը, քանի որ թերբեռնված 2 դասարանները 2017-2018 թվականին ավարտեցին դպրոցը։ Այդ թերբեռնված դասարանների սովորողները ներկայումս բուհերում են, ինչի պատճառով ուսանողների թիվն առաջիկա 4-5 տարիներին քիչ է լինելու։ Նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում իրավիճակը կայուն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս