Ապրում եմ՝ սպասելով ներշնչանքի հայտնությանը. Սևակ Արամազդ
«Մի մեծ լուսաբաց». այսպես է կոչվում բանաստեղծ, արձակագիր Սևակ Արամազդի (Հովհաննիսյան) նոր գիրքը: Ժամանակակից գրողի՝ 200-ից ավելի բանաստեղծություն ներառող այս ժողովածուի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 7-ին, ժամը 20-ին «Լոֆթ» կենտրոնում։ Այս ժողովածուն մի յուրօրինակ պատկերասրահ է, որտեղ առկա են բնության և մարդկային կյանքի ամենաբազմազան երևույթների ու իրողությունների «կենդանի դիմանկարներ»։ Հեղինակն ընթերցողին առաջարկում է նոր ու անծանոթ ուղի դեպի սկիզբ, դեպի աշխարհի ու կյանքի թաքնված ճշմարտությունը, որի անդադար որոնումներում մարդը հայտնաբերում է սեփական էության անսահմանությունը: Շնորհանդեսի շրջանակում հեղինակի բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստուհի Կարինե Ջանջուղազյանը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Սևակ Արամազդը պատմում է իր նոր գրքի մասին:
Բանաստեղծական նոր ժողովածու
«Մի մեծ լուսաբացը» լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Այս անգամ ներկայանում եմ բանաստեղծությամբ: Ժողովածուն ավարտուն տեսք է ստացել դեռևս չորս տարի առաջ, թեև հիմա է միայն այն հրատարակվում: Սա ինձ համար յուրահատուկ վերադարձ է դեպի սկիզբ, դեպի ոչնչով չստվերված ընկալումներ: Մարդիկ, իրադարձությունները ներկայանում են համապարփակ լույսի մեջ, ներկայանում իրենց իսկական տեսքով: Բանաստեղծությունները բաժանված չեն ինչ-որ շարքերի կամ բաժինների, պարզապես սա մի պատկերասրահ է, որտեղ, ինչպես կյանքում, ամեն ինչ հանդես է գալիս միասնաբար:
Ճշմարտությունը՝ ընթերցողին
Բանաստեղծի խնդիրն է ընկալել ամեն ինչ, ամբողջի գոյաբանական տեսիլքը պատկերել, մարմնավորել: Սա կենդանի իրականության էպիկական ընկալումն է, որը, լինելով խիստ պայմանական ձևերի մեջ, արտահայտում է այն, ինչ անանց է, անսահման է, մի խոսքով՝ ճշմարտությունը: Ես փորձել եմ ճշմարտությունը հասցնել ընթերցողին:
«Մի մեծ լուսաբաց»
Ժողովածուում հային ու Հայաստանին վերաբերող մեկ բանաստեղծություն կա միայն, կոչվում է «Հայաստանը»: Բանաստեղծության վերջին տողից է վերցված գրքի վերնագիրը:
Գիրքը գրվել է 2011-14 թթ., առանց ընդհատումների: Իմ վերջին բանաստեղծական ժողովածուն լույս էր տեսել 2000 թվականին, դրանից հետո միայն վեպեր էի տպագրել, և ահա մի օր շատ անսպասելի կերպով բանաստեղծությունն ասպարեզ եկավ: Այդ մասին ես գրել եմ նաև գրքի առաջաբանում: Ժողովածուում ներառված ավելի քան 200 բանաստեղծություններից թարգմանվել են նաև ռուսերեն, գերմաներեն:
Գրքի կազմին Վան Սողոմոնյանի «Արեգակ» ստեղծագործությունն է:
Արձա՞կ, թե՞ չափածո
Ես ինձ առաջին հերթին բանաստեղծ եմ համարում, հետո միայն արձակագիր: Ես երբեք որևէ բան չեմ ծրագրում գրելու, ապրում եմ՝ սպասելով ներշնչանքի հայտնությանը: Եվ ինքն է թելադրում, թե ինչ եմ գրելու՝ արձա՞կ, թե՞ չափածո: Ի դեպ, տարիներ առաջ մի վեպ էի գրել, վերջերս պատահաբար հայտնաբերեցի թղթերիս մեջ, հիմա զբաղված եմ այն կարգի բերելով, գուցե մյուս տարի տպագրեմ:
Սևակ Արամազդը ծնվել է 1961 թվականին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում:
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական և Մայնի
Ֆրանկֆուրտի Վ. Գյոթեիանվան համալսարաններում ուսանել է գերմանագիտություն և փիլիսոփայություն:
Մի շարք գրքերի հեղինակ է: Այժմ բնակվում է Գերմանիայում:
Ռոզա Գրիգորյան
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի