Փաշինյանի գիրքը կրկին առաջին հորիզոնականում է
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով ընդհատակում էր: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ եւ առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…». Նիկոլ Փաշինյան:
Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներից, մտորումներից, բանաստեղծություններից, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է:
Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» տասնյակի երրորդ հորիզոնականում է: Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ» և, միաժամանակ, հերոսական տարիները, այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։
Պարույր Սևակի «Ընտիր էջեր» բանաստեղծությունների ժողովածուն չորրորդ հորիզոնականում է: Գրքում ընդգրկվել են «Հայաստան», «Երգ եռաձայն», «Քիչ ենք, բայց հայ ենք», «Հայրենիք», «Ու եթե հայր եմ», «Որդուս», «Վարք մեծաց», «Իբրև սկիզբ», «Միանգամից», «Ապրել» և այլ հայտնի գործեր:
Հինգերորդ տեղում է Համո Սահյանի «Ընտրանին»: Սահյանի ստեղծագործությունների ընտրանին մեծ բանաստեղծի տարբեր ժողովածուներից լավագույն ստեղծագործությունների մեկտեղումն է:
Րաֆֆու «Խենթը» և «Խաչագողի հիշատակարանը» հանրահայտ վեպերն ամփոփող ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է: Հայտնի գրողի՝ երկու սիրված գործերն ընդգրկվել են մեկ ժողովածուում: Կատարվել են աննշան սրբագրումներ և ուղղումներ:
Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպն յոթերորդն է: Այն ներկայացնում է բուն և ցանկալի իրականությունը և երկուսում էլ` ապրելու զարմանալի կարողություն, որը, միևնույն ժամանակ, դառնում է հոգեբանական անհաղթահարելի բեռ: Անցյալն անընդհատ կանչում է, գրավում, իսկ ներկան սպանում է անցյալի լավագույն հիշողությունները: Ինչպե՞ս վարվել. արհեստականորեն վայելել անցյալի քաղցրությո՞ւնը, թե՞ հաղթահարել կարոտն ու փորձել այդ կերպ հաղթահարել նաև ներկայի տաղտուկը: Իսկ գուցե կա երրո՞րդ ճանապարհը: «Տուր ձեռքդ, պստլո» վեպը ժամանակների ու իրականությունների տարուբերումների մեջ մոլորված մարդու պատմություն է, որն, այնուամենայնիվ, ունակ է հաղթելու:
Արամ Պաչյանի «Օվկիանոս» ժողովածուն ութերորդ հորիզոնականում է: Այն ներառում է արդի հայ երիտասարդական արձակի լավագույն ներկայացուցիչներից մեկի նոր պատմվածքներն ու էսսեները: Նրա ինքնատիպ ու արդեն ճանաչելի գրողական ձեռագիրն այստեղ երևան է բերում նոր կարելիություններ՝ ժանրային, թեմատիկ և այլ մասնավորություններում:
«Այնտեղ աչքերդ երբ բացես» ժողովածուն իններորդն է. այն մեկտեղում է Հրաչյա Սարիբեկյանի պատմվածքները, որոնք տպագրվել են Հայաստանի և արտասահմանյան գրական հանդեսներում ու թերթերում, արժանացել բազմաթիվ մրցանակների:
Տասներորդ հորիզոնականում Հրաչյա Սարիբեկյանի մեկ այլ ստեղծագործությունն է՝ «Ապուշների ուղևորությունը»: 1990-ականների սկզբի հայաստանյան իրականության բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են մնում, բազմաթիվ հարցեր առեղծվածի քողով են պատված, իսկ բազմաթիվ հարցերի մասին գերադասելին ընդհանրապես լռությունն է: Սարիբեկյանի «երկաթուղային վեպը» ռելսերին է դնում հարցեր, որոնց շուրջ մինչ այժմ առեղծվածային լռություն է: Օրինակ՝ ի՞նչ եղան Բաքվի ու Ադրբեջանի մյուս քաղաքների հոգեբուժարանների հայ հիվանդները… Ուստի վեպի հերոսների ուղևորությունը յուրատեսակ ճամփորդություն է նաև ընթերցողի համար և նույնքան վտանգավոր. «սարիբեկյանական իրականության» մեջ ընթերցողից հերոսի, նույնն է թե ապուշի վերածվելու սահմանը չափազանց հարաբերական է: